Այն ամենը, ինչ մնում է հարևանների միջև ջերմ հարաբերություններից, հուշ է: Դա երիտասարդությանը փոխանցելը՝ անհետաձգելի խնդիր:


Մաս 1 – Միասին անցկացրած անցյալ

·1956 թվականն էր: Իմ Սումայա տատը կրկին ամուսնացավ՝ ինը տարի անց տեղեկանալով, որ իր առաջին ամուսինը չի վերադառնալու պատերազմից: Նա ստիպված էր իր հայրենի Աղդամից տեղափոխվել Բաքու՝ իր նոր կողակցի և ութամյա դստեր՝ մորս հետ: Նա մի քանի բնակարաններից բաղկացած փոքրիկ տուն վարձակալեց մի թաղամասում և բնակություն հաստատեց այնտեղ:

Պատահաբար՝ նրա տանտերը հայ ընտանիքից էր: Ընտանիքի գլխավորը՝ տիկին Մարգարիտը, երկու որդի ուներ՝ Օսիպն ու Միշիկը, և երեք դուստր՝ Սեդան, Թամարան և Ռիման: Կարճ ժամանակահատվածում ընտանիքը տատիկիս հետ շատ լավ հարաբերություններ ստեղծեց: Նրանք այնքան մտերիմ էին, որ նույնսիկ միասին էին ճաշ եփում և ուտում: Այդ վարձակալված տանը երեք տարի ապրելու ընթացքում նրանք միասին էին ճամփորդում և մասնակցում Ամանորի տոնակատարություններին: Եթե ինչ-որ խնդիր էր ծագում՝ օգնում էին միմյանց և փորձում միասին լուծում գտնել:

Սովետական բանակի ռազմական ճամբարը գտնվում էր Բինագադի շրջանում, որտեղ նրանք էին ապրում: Տիկին Մարգարիտի հետ տատիկս գնում էր այդ ռազմական ճամբար, հավաքում էր կեղևած կարտոֆիլների մնացորդներն ու բերում տուն: Հետո փորձում էին կեղևների միջից գտնել ուտելի կարտոֆիլներ, եփել դրանք երեխաների համար և նրանց հրավիրել սեղանի մոտ: Պատերազմից հետո մարդիկ դեռևս չէին կարողանում խուսափել սովից, սակայն, չնայած բոլոր դժվարություններին՝ մի կերպ դիմանում էին: Թաղամասում ապրող հայ և ադրբեջանցի ընտանիքները հավաքվում էին շատրվանի մոտ և մինչև ուշ երեկո զրույց էին անում. երբ մթնում էր՝ հավաքվում ու հեռուստացույց էին նայում հեռուստացույց ունեցող միակ հայ ընտանիքի տանը:

Իշխանությունները տատիս հրամայեցին վերադառնալ իր հայրենի Աղդամը՝ մի քանի տարի Բաքվում ապրելուց հետո: Ընտանիքի համար դա ծանր ժամանակաշրջան էր: Տեղափոխվելուց հետո ծնվեց տատիս երկրորդ երեխան՝ քեռիս: Ընտանիքին շատ բան էր հարկավոր՝ ծայրը ծայրին հասցնելու համար, սակայն դժվար էր դրանք հայթայթելը: Մահճակալ և այլ կենցաղային իրեր տրամադրելով՝ տատիս հայ հարևանները կրկին օգնեցին նրան:

1985 թվականին, մի օր, երկարատև գորգագործությունից հետո մորս ինքնազգացողությունը հանկարծ վատացավ: Ըստ տեղի բժիշկների՝ նա սրտի կաթված էր տարել և պետք է շտապ տեղափոխվեր հիվանդանոց Խանքենդիում (Ստեփանակերտ): Հայ բժիշկ Ղազարյանն էր նրան բուժում: Մայրս պետք է մեկ ամիս մնար հիվանդանոցում: Մորս բուժման ընթացքում նույն հիվանդասենյակում երեք հայ հիվանդներ էլ կային: Մայրս ասում էր, որ ամեն օր սենյակ մտնելիս բժիշկ Ղազարյանն առաջինը զննում էր իրեն, իսկ հետո միայն մյուս հիվանդներին: Սենյակակից հայ հիվանդները ևս շատ բարեհամբույր էին նրա հետ: Նրանք սեղան էին գցում, միասին ճաշում, և մորս էլ միշտ առաջինն էին հրավիրում սեղանի մոտ:

Ես մորիցս հետաքրքրվեցի՝ նրանք այդքան բարեհամբույր էին, որովհետև նա սենյակի ամենածանր հիվա՞նդն էր: Մորս պատասխանն այլ էր. այն զարմացրեց ինձ: Նա նշեց, որ իրականում իրենից ավելի ծանր հիվանդ մարդ կար այնտեղ, սակայն իր հետ այդպես էին վարվել, որ խտրական վերաբերմունք չզգա, և բացի այդ նա իր անկողնուց ասում-խոսում էր, ինչն է՛լ ավելի լավ էր տրամադրում աշխատակազմին նրա հանդեպ: Թեև հիվանդանոցը մաքուր էր՝ այդ ժամանակ այնտեղ լողարան չկար:

Դա հաշվի առնելով՝ հայ հիվանդները մորս հրավիրում էին իրենց տուն՝ լողանալու: Մեկ ամիս անց մայրս դուրս գրվեց հիվանդանոցից և վերադարձավ մեր տուն՝ Աղդամ: Չնայած այսքան տարիների և երկու ազգերի միջև թշնամանքի՝ այսօր մայրս դեռևս հիշում է բժիշկ Ղազարյանին՝ իր արհեստավարժ մոտեցմամբ և բարեհամբույր վարվելաձևով:

Մաս 2 – Ապագա, որտեղ միասին ենք ապրելու

2019 թվականն էր, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջապես խաղաղություն էր հաստատվել: Թեև պաշտոնապես հակամարտությունն ավարտված էր՝ այդքան տարիների ընթացքում միմյանցից մեկուսացած ապրելը նշանակում էր, որ հայկական և ադրբեջանական համայնքների միջև դեռևս վստահությունը քիչ է: Անցյալի դրական փորձը ջնջվել էր նրանց հիշողությունից: Մենք խուսափել ենք դրա մասին խոսելուց անցած երկու տասնամյակի ընթացքում: Այնուամենայնիվ, մենք դանդաղորեն փոխում էինք այս վերաբերմունքը՝ հավատալով, որ երիտասարդ սերունդը պետք է տեղյակ լինի այս փորձից, որպեսզի հավատա, որ ապագայում ևս միասին ապրելը հնարավոր է:

Ես կրկին որոշեցի որպես ուսուցիչ աշխատել: Ցանկանալով երիտասարդներին ուսուցանել անցյալը՝ սկսեցի դաս տալ Իրանի սահմանից ընդամենը 50 կմ և Հայաստանից ու ռազմաճակատի նախկին գծի տարածքից 100 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկում: Ես պատմության ուսուցիչ եմ, մենք հաճախ էինք աշակերտների հետ խոսում մեր հարևան երկրների և նրանց հետ հարաբերությունների մասին: Նման քննարկումների ընթացքում ես նաև բացատրում էի հայ ժողովրդի հետ մեր պատմական հարաբերությունները: Ցանկանում էի օգնել նոր սերնդին հասկանալու հայերին ու պատմում էի մորս ու տատիս փորձառության մասին: Պատմում էի, թե ինչպես են ապրել հայերի հետ և իրենց խնդիրները միասին լուծել: Կրկին ապրում էինք միասին՝ որպես հարևաններ, այլ ոչ թշնամիներ, և հուսով էի, որ շուտով կապրենք ճիշտ ինչպես ժամանակին՝ լիովին միմյանց սիրող հարևանների նման:

Վստահությունը վերականգնելու համար կարևոր քայլերից մեկը կողմերի՝ միմյանց վերաբերյալ լրատվության տարածման գործելակերպի փոփոխությունն է: Տարածքում գտնվող այլ դպրոցների հետ մեկտեղ մենք սկսեցինք հայ-ադրբեջանական համատեղ հեռուստաալիքի հեռարձակումը թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մշակույթի նմուշներով: Թշնամանք ցուցադրելու փոխարեն՝ այս հեռուստաալիքը լավ հնարավորություն էր համայնքներում մշակութային իրազեկվածությունը բարձրացնելու և խաղաղության դրական արդյունքներն ի ցույց դնելու համար:

Հիմա 2024 թվականն է: Հինգ տարի է անցել խաղաղության հաստատումից ի վեր: Իմ գործընկերներից, ուսանողներից ոմանց հետ և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների աջակցության շնորհիվ մենք համատեղ հայ-ադրբեջանական համալսարան ենք հիմնել Լեռնային Ղարաբաղում: Մենք նաև գրադարան ենք հիմնել, որը թույլ է տալիս երկու երկրներում էլ վերաբացահայտել օժտված ինտելեկտուալներին և ծանոթանալ միմյանց ուսումնական հաջողություններին: Դա հակամարտության ընթացքում մանրակրկիտ նկարագրություններով միմյանց որպես անդաստիարակ և տխմար պիտակավորելու հակաթույնն է:

Ղարաբաղի համալսարանում ես կրկին քննարկումներ եմ վարում ուսանողներիս հետ հայ և ադրբեջանական համայնքների միջև նախկին և ներկա հարաբերությունների մասին: Մենք նաև ավելի ընդարձակ հարցեր ենք քննարկում, ինչպես տարածաշրջանային զարգացումը: Իմ դիտարկումն այն է, որ նոր սերունդը, որն առաջինն է կրկին մեծանալու խաղաղության պայմաններում, շատ ավելի բաց և հանդուրժող է, քան հակամարտության ընթացքում մեծացած սերունդները: Ես վստահաբար ասում եմ, որ մեր պատկերացրածից շատ բաներ իրականություն են դարձել:

Հիմնվելով ուսանողների առաջարկների վրա՝ համալսարանն էքսկուրսիաներ է կազմակերպում դեպի նախկին վիճարկված շրջաններ և սահմանային տարածքներ: Դրանցից մեկի ընթացքում որոշ ուսանողներ ցույց են տալիս այդ վայրերում արված իրենց ընտանեկան լուսանկարները: Հանկարծ ուսանողներիցս մեկը՝ Վասիֆը, ցատկում է և վազում մոտս:

«Պարոն Հուսեյնով, կնայե՞ք սա, խնդրում եմ: Ես էլ ունեմ ճիշտ նույն նկարից»:

Ես հուզվում եմ տեսածիցս: Վերցնում եմ երկու նկարներն էլ և մանրակրկիտ նայում: Երկուսն էլ նույնն են իսկապես: Նույն տեսարանն է, նույն մարդիկ: Հակիրճ հարցնում եմ ուսանողներիս այս լուսանկարի մասին: Հետո իմանում եմ, որ լուսանկարներում պատկերաված կանայք Ասյայի ու Վասիֆի տատիկներն են, և որ նրանք ապրել են միևնույն թաղամասում: Տատիկի ձեռքին նստած երեխաներից մեկը Ասյայի մայրն է, իսկ մյուսը՝ Վասիֆի քեռին:

Ես մտախոհ հեռանում եմ ուսանողներիցս՝ նկարները ձեռքիս: Մտածում եմ, թե ինչպես են պատմությունից ֆիլտրված ընկերությունն ու հուշերն օժանդակում խաղաղությանը, ու ինչպես են մարդկանց միջև եղած անքակտելի կապերն այդքան տարիներ անց մեզ կրկին միավորում:·


Հեղինակ՝ Համիդ Հուսեյնով


Համիդը 31 տարեկան է, նա ծնունդով Աղդամից է, սակայն նրա ընտանիքն ստիպված էր փախչել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Նա արևմտյան Ադրբեջանում ուսուցիչ է, Երիտասարդական Ակումբ և A13 հկ-ներում աշխատում է նաև ժողովրդավարության, կրթության և մարդու իրավունքների ծրագրերում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *