Ապրել նախկին թշնամիների կողքին առանց չարության՝ նշանակում է ընդունել երկու կողմերի կրած տառապանքն ու ցավը:


Էսսեն գրվել է՝ հիմնվելով հայ և ադրբեջանցի հեղինակների ՝ ղարաբաղյան պատերազմին նվիրված ստեղծագործությունների վրա: «Լուսահարված»-ը ապագայի գյուղակ է, որտեղ բաց տարածության մեջ ապրող հայերն ու ադրբեջանցիները տևական մթությունից հետո բացում են աչքերը և լույսի մեջ հանդիպում իրար:


·Փամփուշտը սլանում էր , ճեղքում օդը, անցնում թռչունների կողքով, անհանգիստ թևահարումներից՝ թափվում էին փետուրներ բազմապիսի… հիմնականում՝ սև, երբեմն՝ սպիտակ, հազվադեպ՝ զմրուխտագույն:

Սա առանց դռների, պատուհանների, տանիքների գյուղակ է, շուրջբոլորը՝ ծառեր, բաց տարածության մեջ արածող կենդանիներ, թփուտներ, բլրակներ…սկզբում մարդիկ վախենում էին հանդիպել մեկը մյուսին, ուստի թաքնվում էին ստվերներում, և օտարերկրացի մի ճանապարհորդ, երբ այցելեց այդ գյուղակը, ընդամենը մեկ բան ասաց՝ օ, տեր Աստված, սա ստվերների գյուղ է: Երեխաները հրացաններով վազվզում էին չընդհատվող կանաչ այդ տարածության մեջ: Նրանց թվում էր՝ ամեն ինչ շարունակվում է, չավարտվող երազ է, երեկ ինչ-որ անհայտ քաղաքում, երկրում, սահմանին… գրողը տանի, միթե կարևոր է անունը, երեկ այնտեղ, որտեղ նրանք էին, նրանց մայրերը շարունակաբար հանգստացնող դեղեր էին խմում, անգամ թանձր վարագույրների ետևից կարելի էր նկատել նրանց վախը՝ տրոփող սիրտ: Հայրերը կռվում էին և բնավ ոչ հողմաղացների դեմ: Ոչ, նրանք Դոն Կիխոտներ չէին, և ասպետներ չէին, և հրացանակիրներ չէին, նրանք դուրս չէին եկել գրքերից, բայց ժամանակից շուտ շտապեցին դեպի հողը…սկի՞զբը, թե՞ ավարտը:

Ասում են՝ այս գյուղակում, որը բավականին առեղծվածային երանգ ունի, նրանց համար, ովքեր դեռ չեն հասել պատմության վերջին, մարդիկ տևական ժամանակ, երբ հասկացան՝ ստվերում էլ են հաջողացնում տեսնել, փակեցին աչքերը: Այս գյուղակ ժամանած միակ ճանապարհորդը, եթե դա տեսներ, առանց կասկածի կասեր՝ գրողը տանի, սա փակ աչքերի գյուղ է: Բայց մի օր Բալաշ անունով ադրբեջանցի թոշակառուին, ով Ղարաբաղյան պատերազմում կորցրել էր որդուն, հանդիպեց երեք օր անընդմեջ հալումաշ անող անձրևի տակ անտառով նահանջող հայ կինը: Բալաշը, Ադրբեջանում, թեպետ չոր հաց ու ջրով էր ապրում, փողը մի կողմ էր դնում տղայի գերեզմանաքարի համար, իսկ հայ կինը նահանջի երրրոդ օրը բացել էր խանձարուրը, երեխային` մեռած գտել/ ներկայացված հերոսները՝ նշված պատմություններով, վերցված եմ Գյունել Անարգիզիի և Արա Նազարեթյանի պատմվածքներից/: Հանկարծ, ինչպես հեքիաթում, երկուսի աչքերից սև փոշի է թափվում. երկնքից մի սպիտակ փետուր է ընկնում: Սա առաջին հանդիպումն էր, առջևում սպասվում էին նորերը: Սա պատմություն է ցավի, և ոչ պատերազմի մասին… Սա պատմություն է տեսնողների մասին. ոչ, խոսքը բախտասացների, էքստրասենսների, կախարդների մասին չէ, խոսքը մարդու մասին է, որ հանդիպեց մարդուն, թշնամու միֆական կերպարը հօդս ցնդեց, պարզվեց, նա՝ այդ թնամին, կրծքավանդակում բույն դրած սիրտ ունի, և սիրտը՝ թռչուն, կրծքավանդակն էլ տաք երկիր չէ, որտեղ կարելի է միայն արևոտ օրերին պատսպարվել, իսկ երբ ցրտի՝ չվել:

-Պատերազմը տաք երկիր չէ, – ասաց կռվի դաշտում եղածներից մեկը:

Հետո նա ասաց` արտասովոր էր զոհին տեսնելը, որովհետև այդ նա՝ հետագա ամբողջ կյանքի ընթացքում մեր հետևից պիտի քայլեր, ինչպես պարանը վիզը գցած կարմիր երինջ/ Լ. Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ»/:

Մարդիկ աստիճանաբար բացեցին աչքերը, սկզբում՝ մեկը, հետո՝ երկրորդը, գյուղը կոչվեց՝ «Լուսահարվածներ» . տարիներ շարունակվող խոր մթությունից հետո լույսը որոշ ժամանակ պարզապես հարվածում է, ծակում աչքերդ, խուտուտ տալիս, և միայն հետո է դառնում հաճելի, թրթռում աչքերիդ, մարմնիդ, ի վերջո սրտիդ մեջ: Այնտեղ՝ բլրի տակ, հազարավոր սրտեր են թաղված, հողը շնչում է հեռացածների մասին: Հողի մեջ վերանում են ազգությունները, կրոնը, երկրները, տարածքները, հողի մեջ լռությունն է: Այս գյուղակի լեռները պատել է կապույտ երկինքը, ներքևում՝ հողի մեջ, գյուղակի բնակիչների հարազատներն են՝ որդիները, հայրերը… Սովորական օրերին, երբ ականջդ հողին ես մոտեցնում լռություն է, և միայն այն ժամանակ, երբ պատերազմին չմասնակցածները օրինակ ասում են՝ պատերազմը պատվի հարց է, հողը դառնում է անհանգիստ, ցնցվում է, շնչառությունը դառնում է ընդհատվող…որովհետև նրանք բոլորը` այդ հեռացածները, գիտեն՝ պատերազմը բեռ է…« Պիտի հաղթահարենք մեզ, իսկ հաղթենք՝ մեր թշնամուն: Ուրիշ ելք չկա: Էդ բոլորը մեր բեռն է»/ Արա Նազարեթյան «Ռազմավար պատմվածքներ»/.-ասում են նրանք: «Լուսահարվածներ»-ի համար Բաքուն ու Ղարաբաղը առանձնահատուկ նշանակություն ունեցող անուններ են: Բաքվում ապրած ազգությամբ հայերը այլևս չէին կարող այնտեղ ոտք դնել, երբեմն, երբ իմանում էին, որ «լուսահարված»-ը այդտեղ է եկել Բաքվից , ասում էին՝ Թող` քեզանից հոտ քաշեմ։ Քեզանից Բաքվի հոտ ա գալիս։/Սեյմուր Բայջան «Գուգարք»/: Նույնպես և Ղարաբաղի անունը լսող ադրբեջանցիների աչքերը փայլում էին, չէ որ նրանցից շատերը այնտեղ էին ծնվել, երբ իմանում էին` «լուսահարված»-ը Ղարաբաղից է եկել, խնդրում էին, որ խոսի Շուշիի, Ղարաբաղի լեռների մասին, հարցնում էին՝ օդը առաջվա պես զուլա՞լ է: Պատերազմը սետիմենտալ խոսքերը, տանը գրված բանաստեղծությունները չեն: Պատերազմը 18 տարեկան մահացած զինվորն է.

-Պատերազմը ռոմանտիկ հայրենասերներին իր իսկական դեմքը ցույց տվեց։ Մահացած զինվորը 18 տարեկան էր։ Դաժան է՝ մահանալ 18 տարեկանում։ Այն էլ՝ գարնանը../Սեյմուր Բայջան «Գուգարք»/:

Մեկ այլ «լուսահարված» ավելացրեց.

-Քանի սահմանին էինք մոտենում, մեքենայի սլացքին պայթյուններ էին ուղեկցում, ճառերը մնում էին թիկունքում/Լ.Խեչոյան «Սև գիրք, ծանր բզեզ»/:

Մարդը միշտ ապրելու և կյանքին հավատալու կարիք ունի: Բալզակի «Շագրենի կաշի» վիպակում իրեն կամրջից նետել ցանկացող հերոսը, ճանապարհը հազար բանով երկարեցնում է, ուսումնասիրում է ցուցափեղկերը, մարդկանց, ձեռքը գրպանն է մտցնում, և կոպեկների զրնգոցը նրա դեմքին բարակ ժպիտ է գծում: Մարդուն տրված է մինչև վերջին խազը հավատալ, կառչել կյանքից: Շարժվելը դեպի մահը անբնական է, որովհետև իրականը կյանքն է: Այդպես էլ նրանք՝ պատերազմի վախի մեջ ապրողները, կռվողները, չէին հավատում, որ ականը իրենց ոտքի տակ կպայթի…մարսեցիներն էլ մարսի վրա կյանքին են հավատում, մենք էլ` մեզ բաժին հասած մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքին: Ես, որ նույնպես «Լուսահարված» գյուղակից եմ, կանգնել եմ մեջտեղում, ինչպես մի մարգարե, գոռում եմ, որովհետև հուզված եմ, և ոչ որովհետև ինձ իսկապես մարգարե եմ զգում.

-«Լուսահարվածներ» ,լսո՞ւմ եք, հողը չի կարող խոսել, այն, ինչ հողի մեջ է ապրողներինս չէ, հողինը հողինն է արդեն… բայց կան մարդիկ, ովքեր տեսել են պատերազմը և ահա թե ինչ են ասում նրանք:

Հանկարծ հողի վրա աճած կանաչին կանգնեց հայ տղամարդն ու կարդաց.

-Մտածում եմ՝ հաստատ գիտեմ, որ մեզ բան չի պատահի՝ արկը հեռվում կպայթի, գնդակը կվրիպի, ականի մեխանիզմը չի գործի կամ, վատթարագույն դեպքում, կխեղվեն ոտքներս, թևներս, ծնկներս կամ կկուրանանք»/Լ. Խեչոյան « Սև գիրք, ծանր բզեզ»/:

«Լուսահարվածներ»-ը լուռ էին: Նույն կանաչին կանգնեց մի ադրբեջանցի, բացեց ծանր գիրքը.

-Տուն կառուցելով, մարդիկ կարող էին ենթադրել, որ այն, հնարավոր է, մի օր ոչնչանա երկրաշարժից, այրվի ու մոխիր դառնա, բայց ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ այն երբևէ կարող է ոչնչանալ ռումբից։ Մարդու մտքով կարող էր անցնել, որ շրջկենտրոնը կարող է ոչնչացնել քարայրից դուրս եկած վիշապը։ Սակայն անգամ ամենահարուստ երևակայությունն ունեցող մարդու մտքով չէր կարող անցնել, որ տներն ու այգիները ռումբերն են ոչնչացնելու /Սեյմուր Բայջան «Գուգարք»/:

-Պատերազմը դա կյանքի հականիշն է, բարեկամներ,- իբր թե հայտնագործություն արած` տեղիցս գոռում եմ: Ասածս նորություն չէ, բայց երկար ժամանակ փակ աչքերով, ստվերում ապրածներիս համար կարծես թե այն առաջին անգամ է հնչում:

Իսկ ընդհանրապես ատելությունը միշտ վերացական, ընդհանուր է լինում…ատելություն թշնամուդ, օտարի հանդեպ, բավական է այն կոնկրետացնես և ատելությունը կկորի, կփոքրանա, կնվազի: Որպես խոսքերիս ապացույց` «Լուսահարվածներին» Լ. Խեչոյանի գրքից մի հատված եմ կարդում.

-Ցանկություն է բռնել՝ կրակել ամեն մի վառվող լույսի վրա: Ճշտեցի՝ ատելություն է: Իսկ մի քանի օր առաջ նրանց գերի ընկած աղջկա հետ էի խոսում, լաց էր լինում խոշոր արցունքներով, իմ մեջ ատելություն չկար:

Ասում եմ՝ տեսնո՞ւմ եք, որ ճիշտ էի ասում. ես, որ իրավունք չեմ վաստակել պատերազմի մասին խոսելու, քանի որ ինքս կյանքում գոնե մեկ անգամ ոչ զենք եմ բռնել, ոչ ականի ձայն լսել, պետք է անընդհատ մեջբերեի ուրիշներին, նրանց, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են պատերազմը: Հայ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրում է՝ Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին, Դիպան Աստղերին, աստղերը հանգան ու լեղի քսվեց մեր ցամաք հացին։ Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր. բարձունքը մերն է, տղերքը… չկան։

-Տեսնո՞ւմ եք, իսկ ես՝ պատերազմ չտեսածս, մոռացա անմահության մասին: Ասացի, հողի տակ են նրանք, իսկ վերևում լազուրն է երկնքի: Գուցե հենց երկնքի լազուրն են հեռացածները, չգիտեմ, միայն մի բան է հստակ է՝ մեր հացին լեղի է քսվել:

Հանկարծ հեռվում` բլրակներից մեկի վրա, կիսով ադրբեջանցի կիսով հայ տղայի կյանքում տեսած ամենասև մթության մեջ կորած կնոջը տեսանք…Յաշարի «Բաժանում» պատմվածքի հերոսուհուն, ով իր տղայի ամոթն ու խայտառակությունն էր, ում տղան ուզում էր կորցնել, ընդմիշտ ազատվել նրանից….«Ասես ոչ միայն մորից էր ազատվել, այլև, հեռացնելով իրենից ամբողջ անցյալը, մնացել էր մորեմերկ»: Մթության մեջ կորած հայ մորը տղան գտավ լույսի մեջ, նկատեց ու վազեց նրան ընդառաջ: Սա հանդիպումների գյուղակ «Լուսահարված»-ն է, որտեղ սրտերը մեղմանում են, կարծես ցավի խոնավությունը ներծծվի սրտերի մեջ: Ասել էի, չէ՞, որ բոլորովին այլ հարթության մեջ գտնվող տներում կանանց ճառագող վախը կարելի էր նկատել անգամ թանձր վարագույրների ետևում, բայց այդ կանայք չէին կարծում, որ լեռներ, սարեր այն կողմ կան այլ տներ, ու վարագույրներ կան այլ, որ մութ ամպերի պես կախվել են քիվերից…և այդ վարագույների ետևում պատսպարված կանայք կան՝ նորից ճառագող վախով… հայ և ադրբեջանցի կանայք՝ միևնույն վախով: «Լուսահարված»-ում նրանք հանդիպեցին: Հանդիպեցին և լռեցին, որովհետև օդում դեռ մնացել էր փամփուշտի հիշողությունը:

-Պատերազմը վախ է, պատերազմը…. պարտադրանք է,- աչքերը գետնին հառած՝ ասաց նա` անկյունում կանգնած ծերունին, հետո, աչքերը գետնից չբարձրացնելով, կարդաց հայ բանաստեղծ Հուսիկ Արայի բանաստեղծությունը,- Քո երակներում խշշացող տղերքը ,որ անպայմանական՝ քեզ սիրում էին ճիշտ ու իսկական, մի օր վեր կացան այգուց, փողոցից ու սրճարանից և զենքեր առած՝քայլեցին ուղիղ պատերազմի դաշտ, բայց նրանք չկան քո պղինձ ու քար ոչ մի արձանում…Ու մշտական հիշեցումը կա, թե ինչ ծանր գնով ենք ձեռք բերել հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում:

Ձայնը կարծես աշնան չորացած տերև լիներ. ծերունին մաքրեց կոկորդը: Բառերը խեղդվեցին ներսում:

-Ի՞նչ ասել երեխաներին, որոնք արկերի պայթյուններ են լսում, հրետանու կրակոցների տակ ոչնչացող տներ, ջրհորներ տեսնում…ինչպե՞ս ջնջել պատերազմը նրանց աչքերից ու ականջներից,- ասաց ծեր կանանցից մեկը, որի դեմքի վրա հազար դարուփոս կար, եթե անգամ ականները նրանից հեռու էին պայթել, միևնույն է՝ հաջողացրել էին նրա դեմքի վրա մեկընդմիշտ խազեր քաշել:

Ինձ թվում էր՝ այդժամ բոլորս լցված էինք մարդով, հա, հենց էդպես՝ մարդով. աշխարհի բոլոր երեխաները ապագա են գնում մանկությունից: Շատերս եկել էինք մանկությունից, իսկ ծեր կինը՝ մատը դնելով կորյակներից մեկի մեջ՝ նման հավերժական մի փոսի, խոսում էր կորսված մանկության մասին: Կանաչ տարածության վրա աստղերի պես տարածված երեխաների շարժումների մեջ դեռևս վախ կար, նրանք մտովի բաց չէին թողել հրացանները: Ներկաներից մեկը ոտքի կանգնեց, թեպետ զգում էի՝ ոտքերի մեջ դող կա, ասաց.

-Ես էլ սկզբում, ինչպես նշեցիք, ատում էի լույսը, ուզում էի սպանել այն, որովհետև վախենում էի տեսնել այն, ինչ չէի տեսել վաղուց…ինչը սովոր չէի տեսնել, ինչը չէր թողնում ինձ իմ ազգությունը, պատմությունը, ի վերջո պատերազմը…այդ լուսավորության մեջ էր, որ հայ մայր ունեցող ադրբեջանցի տղան ամաչում էր նրանից, դրա համար ուզում էր մթության մեջ կորցնել, մոռանալ նրան: Բայց մոռանալ քո ներսում նստած մարդուն, այդ նույնն է, որ մոռանաս Աստծուն:

Մեկ-երկու կցկտուր ծափեր լսվեցին, նման ճշմարտություններից հետո մարդիկ վախենում են այդքան համարձակ թափահարել ձեռքերը, նման ճշմարտություններից հետո ուզում ես մի կես ժամ մոլորվել անտառում, և անընդմեջ հարցնել ինքդ քեզ՝ ախր, ինչո՞ւ…ինչո՞ւ եմ ներսումս այդքան խորը թաղել մարդուն: «Արտասավոր էր զոհին տեսնելը, որովհետև այդ նա՝ հետագա ամբողջ կյանքի ընթացքում մեր հետևից պիտի քայլեր, ինչպես պարանը վիզը գցած կարմիր երինջ» / Լ. Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ»/…և, իսկապես, ճշմարիտ է ասված, հիմա էլ, երբ մի կարճ հայացք նետես խոտին կանգնած, նստած. թինկ տված մարդկանց, շատերի ետևում`որպես ցմահ մի ստվեր, կնկատես այդ կարմիր երինջին…

Օդում թափառող փամփուշտ կա, իսկ կարո՞ղ է փամփուշտը թռչուն դառնալ…ականջդ դիր հողին, կլսես խորքից բարձրացող մի ձայն, այն կամաց, այնպես, որ միայն դու լսես, կասի՝ փամփուշտը փամփուշտ է, օդում, թե ցամաքում, ջրում, թե գետնի տակ:·


Հեղինակ՝ Մանե Գրիգորյան


Մանեն 26 տարեկան է, նա լրագրող է և բանաստեղծ: Աշխատում է Hetq.am հետաքննական լրատվական կայքում, որը մասամբ ֆինանսավորվում է ԵԱՀԿ կողմից: Նա նաև հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Սխալված աղավնիներ» և «Ցուրտ կին»: Վերջինիս համար նա 2013 թ.-ին արժանացել է նախագահի երիտասարդական մրցանակին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *