Ավելի քան մեկ դար հայերը և ադրբեջանցիները պայքարել են Լեռնային Ղարաբաղի համար` համարելով այն իրենց պետականության և ինքնության կարևոր մաս։ 1990-ականների սկզբին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, այս հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի։ Արդյունքում, մոտ երեսուն հազար մարդ զոհվեց և ավելի քան մեկ միլիոն մարդ հարկադրված էր տունը լքել. ադրբեջանցիները հեռացան Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից, իսկ հայերը՝ Ադրբեջանից։ Պատերազմի ավարտից հետո մինչ օրս հայերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, և հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` անկախ պետություն, որը միջազգային հանրության կողմից ճանաչված չէ։ 1994թ.–ի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմը շփման գծում խախտվել է բազում անգամներ, իսկ 2014 և 2015թ.թ.-ին կողմերը տվել են անցած տարիների համեմատ ամենաշատ կորուստները։
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ժամանակ առ ժամանակ հանդիպում են, գրեթե որևէ առաջընթաց չի արձանագրվել հաշտեցման գործընթացում, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շատ քիչ հնարավորություն ունեն հաղորդակցվելու միմյանց հետ:
«Կանդիդ հիմնադրամը» (Գերմանիա), «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» (Հայաստան) և «Մարդասիրական հետազոտությունների հանրային միություն հասարակական կազմակերպությունը» (Ադրբեջան) նպատակ են հետապնդում խթանել քաղաքացիական եւ մշակութային երկխոսությունը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև։ «Երազանքներ գույնզգույն այգու մասին» ծրագրի շրջանակներում մենք հավաքեցինք տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդների, ովքեր գրեցին էսսեներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները և տեսլականը «կյանքը խաղաղության համաձայնագրից հետո» խորագրի ներքո: Երիտասարդները հանդես եկան տարբեր պատմություններով` հնարավոր սոցիալական և տնտեսական զարգացումների, սահմանամերձ գյուղերի վրա ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև ա՛յն զգացողությունների վերաբերյալ, որոնք հնարավոր է ունենալ, եթե մարդ առաջին անգամ այցելի հարևան երկիր և, նույնիսկ, ավելի քան քսան տարի անց վերադառնա տուն։ Հուսով ենք, որ այս էսսեները կդառնան Հարավային Կովկասում համատեղ ապագայի դրական տեսլականների խճանկար։