Գլխավոր մեջբերում. «Խաղաղություն հաստատելու կամ առնվազն պատերազմից խուսափելու ջանքերը շարունակելու համար մեզ հարկավոր է ակտիվ քաղաքացիական հասարակություն, իսկ դրա համար մեզ պետք է արտահայտվելու և ընտրության ազատություն: Նաև հենց դրա համար է, որ հարկ է պայքարել»:
·Ահա՝ 2015 թվականն է: Նստած եմ սրճարանում ու դիփ տեխնո եմ լսում: Միտքս ազատ եմ թողնում և տեղափոխվում ապագա:
Մարդկային միտքը եզակի է այն առումով, որ որևէ սահմանափակում չունի, չի ճանաչում որևէ սահման և ազգություն:
Իսկ եթե աշխարհում սահմաններ չլինեի՞ն: Եթե հակամարտող երկրներ չլինեի՞ն: Ես փորձում եմ կապվել իմ ադրբեջանցի ընկերների հետ՝ մեր ապագայի, առանց սահմանների Կովկասի մասին զրուցելու համար: Հե՜յ, ապագան կերտողներ: Եկել է մեր ժամանակը՝ քանդել բոլոր սահմանները, լուծել բոլոր հակամարտությունները և երկրագունդը դարձնել մեզ համար խաղաղ վայր:
Ինքներդ ձեզ երբևէ հարցրե՞լ եք՝ հասարակ մարդկանց ինչի՞ն են պետք հակամարտություններն ու սահմանները: Դու, այս էսսեի ընթերցող, մտածե՞լ ես, թե մեր կյանքը ոնց կփոխվեր, եթե հանկարծ, մի գիշերվա մեջ, սահմաններն անհետանային: Երբևէ մտածե՞լ ես, թե մեզ ինչու են հարկավոր զինված ուժեր՝ մեր հողը պաշտպանելու համար. երկրագնդի մի փոքրիկ տարածք, որը կիսում ենք բոլորս: Ինչու՞ է մեր մտքով անցել ընդհանուր երկրագնդի վրա սահմաններ ստեղծել, ինչու՞ չենք կարող ապրել՝ զարգացնել և բացահայտել այս մոլորակը և դրա սահմաններից անդին գնալ, բացահայտել նոր հորիզոններ և շարունակել զարգանալ:
Մանկությունից ես երազող եմ եղել և ոչ միայն Երկիր մոլորակի զավակը: Մտածել եմ զուգահեռ իրականությունների, զուգահեռ աշխարհների և զուգահեռ մարդկանց մասին: Կարծես՝ չեմ մեծացել, քանի որ դեռ շարունակում եմ մտածել այդ բաների մասին: Իմ երևակայությունն այնքան հեռուներն է գնացել, որ արդեն մի քանի տարի է՝ ինչ հանգել եմ այն եզրակացությանը, որ, ընդհանուր առմամբ, սահմանները, թույլ տվեք ասել, տխմարություն են:
Ասում են՝ վտանգավոր է փորձել արամատապես փոխել չափահաս մարդկանց միտքը, վտանգավոր է, և դա պետք է փորձել երեխաների հետ, ովքեր գաղափար չունեն սահմաններից, սահմանափակումներից, հակամարտություններից ու ատելությունից: Եկեք ազատենք մեր միտքն այս չափահասությունից. անցնենք դեռ մանկուց մեզ ուսուցանված թշնամանքից և ատելությունից այն կողմ:
Երաժշտությունը հնչում է մտքերիս զուգահեռ…հավանաբար գիտեք, թե տեխնոն ինչպես կարող է ազատ արձակել միտքդ և քեզ տանել խորը՝ դեպի ազատության իրական զգացում: Սրճարանը գնալով ավելի մարդաշատ է դառնում, իսկ երաժշտությունն ականջներումս՝ էլ ավելի բարձր, և ամեն մի նոր երգի հետ՝ ապագայի մասին մտքերի հոսքը փոխակերպվում է մարդկանց պատկերների, ում հետ կուզենայի քննարկել դրանք:
Ահա մենք՝ երեք սերնդի ներկայացուցիչներ, ովքեր պատկերացնում են մեր ընդհանուր ապագան:
Պապս, ով 70 տարեկան է:
22-ամյա մի նախկին զինվոր:
Եվ 14-ամյա մի դպրոցական աղջիկ:
Բոլորս ապագայից ենք խոսում. բոլորս խոսում ենք առանց սահմանների և հակամարտության երկրների մեր տեսլականի մասին:
Ահա, դասական միջավայր. պապիկիս պատկերն է միտս գալիս: Թե ինչպես է պատկերացնում ապագան: Երբ նրան հարցրի, թե իր համար ինչ կփոխվեր, եթե Հայաստանն ու Ադրբեջանը փակ սահմաններ չունենային ապագայում, նա անմիջապես պատասխանեց, որ ինքը շատ ավելի մեծ հնարավորություններ կունենար այցելել հարևան երկիր, ընկերներ, իսկ հետագայում գուցե նաև բարեկամներ կունենար, եթե ես երբևէ որոշեի ադրբեջանցու հետ ամուսնանալ: Բնավ սովորական պատասխան չէ: Ավելին, երբ շարունակեց խոսքը՝ հաստատեց իմ համոզմունքն առ այն, որ սովորական մարդիկ հակամարտության հետ ոչ մի առնչություն չունեն. ոչ ոք չի ուզում ահը սրտում ապրել, որ այսօր ինչ-որ մեկը կարող է սպանվել սահմանին, ու մի օր այդ ինչ-որ մեկը կարող է լինել հենց իր որդին:
Ինչպես և սպասում էի՝ պապիկիս հետ տարաձայնություններ չունեցա, քանի որ հարցին միևնույն կերպ էինք նայում և միևնույն կարծիքն ունեինք: Պապս ու ես, ում նա մեծացրել է, արժեր, որ պաշտոնական պատվիրակության մեջ լինեինք:
Մինչ պատկերացնում էի պապիս հետ իմ զրույցը՝ մի խումբ երիտասարդներ անցան կողքով, ու ես նրանց մեջ նկատեցի զինվորական համազգեստով մի երիտասարդի: Նա հավանաբար զինվոր էր, ու անմիջապես հարց ծագեց. ինչպե՞ս են նրանք պատկերացնում ապագան մեր հարևան երկրի հետ:
Հիշեցի, որ ընկերներիցս մեկը նոր էր վերադարձել բանակից: Վերցրի հեռախոսս, զանգեցի նրան և հրավիրեցի հետս սուրճ խմելու այն նույն սրճարանում, որտեղ արդեն շուրջ երեք ժամ նստած էի:
Խոսակցությունը փոքր-ինչ ավելի դժվար ստացվեց, քան պապիս հետ: Այդ տղան սահմանին էր եղել, այն իրական սահմանին, որն այսօր գոյություն ունի, և շատ կրակոցների էր ականատես եղել:
«Գիտե՞ս, Աշխեն, բանակից առաջ երբեք չեմ մտածել գոյություն ունեցող սահմանի հակառակ կողմի մարդկանց հանդեպ ատելության մասին: Բայց երբ էնտեղ ես՝ խստաշունչ ձմռանը, գիշերով, սահմանին կանգնած, վախեցած, որ կսպանես մեկին կամ ինքդ կսպանվես, չնայած իբր երկու երկրների համար հրադադարի ժամանակաշրջան է, բայց գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում՝ սկսում ես ատել մյուս կողմում գտնվողներին: Ինչպես մեր հրամանատարն էր ասում. «Մա՛հ թշնամուն»: Իսկապես միանգամայն տարբեր բաներ են, երբ զինվոր ես և երբ պարզապես քաղաքացի, ով սահմանից հեռու ապրում է իր առօրյա հոգսերով՝ չմտածելով որևէ ատելության մասին, քանի որ զբաղված է իր կյանքով և աշխատանքով:
«Բայց ամեն դեպքում հետաքրքիր հարց ես տալիս: Ի՞նչ կլիներ, եթե պատերազմներ, փակ սահմաններ, հակամարտություններ չլինեի՞ն:
«Ճիշտն ասած՝ մի փոքր դժվար է պատկերացնել, քանի օր ծնված օրից հակառակն ենք տեսել: Բայց եթե մի օր հնարավորություն ունենայի տեսնել մեր երկու երկրներն առանց սահմանների՝ առաջին բանը, որ միտքս է գալիս՝ կապ հաստատել այդ երկրի հետ և Սոկար դուստր բենզալցակայանների ցանցը հիմնել էստեղ՝ Հայաստանում: Ասում են՝ բարձրորակ է և ավելի էժան»:
Ընկերս ասաց դա և ժպտաց՝ հավանաբար իրեն պատկերացնելով այստեղի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում, ու ես իսկապես գոհ մնացի, որ նա երկու երկրները ներառող ապագայի հավանական ծրագրեր էր կարողանում պատկերացնել:
Ընկերոջս հետ այս խոսակցությունից հետո հասկացա, որ նույնիսկ մանկությունում մեզ սովորեցրել են, որ թշնամիներ ունենք: Մեզ չեն դաստիարակել միևնույն ուժեղ ատելությամբ. մենք զգում ենք դպրոցի պատմության դասերի, իսկ ավելի ուշ՝ բանակի մակարդակում միայն: Եվ իրապես զարմանալի է, որ մեզ երբեք չեն սովորեցրել՝ իբր ադրբեջանցիները մեր թշնամիներն են. «թուրք» բառն է կիրառվում՝ նկատի ունենալով թե՛ թուրքերին, թե՛ ադրբեջանցիներին: Հավանաբար ձեզ հայտնի է, որ դա իր արմատներն ունի անցած իրադարձությունների հեռավոր պատմական հիշողության մեջ:
Սառը տեխնոյի հնչյունների հետ կյանքի կոչված հաջորդ մարդը երիտասարդ աղջնակ էր, ով նստած էր դիմացս և իր սիրելի շոկոլադե պաղպաղակն էր ուտում: Ցանկացա գլխումս պտտվող հարցը տալ նրան, բայց չէ՝ սպասեցի մինչև վայելի-վերջացնի պաղպաղակ ուտելու հաճույքը:
Սկսեմ ամենահետաքրքիր զրույցը, որն ունեցա 14-ամյա աղջկա հետ:
«Աշ, չգիտեմ ինչու, բայց ես նրանց չեմ սիրում»:
«Սիրելիս, դու կյանքումդ ադրբեջանցու հետ խոսե՞լ ես կամ տեսած կա՞ս»:
«Չէ, բայց պատմության գրքերում կարդացել եմ, որ մեզ, մեր ժողովրդին վատություն են արել: Չեմ պատկերացնում նրանց հետ կողք կողքի ապրելը, ինչ-որ բան կիսելը»:
«Ես զարմացած եմ: Չգիտեի, որ կարող ես էդպիսի մտքեր ունենալ»:
«Էդպես եմ զգում, որովհետև նրանց մասին վատ բաներ եմ ԿԱՐԴԱՑԵԼ, չնայած որ կյանքումս ադրբեջանցու հանդիպած չկամ: Չեմ կարող ներել, թե ոնց են վարվել իմ ժողովրդի հետ»:
«Բայց եթե իրական լինե՞ր: Մտածե՞լ ես դրա մասին»:
«Հըմ… Իրոք դժվար է նման ապագա պատկերացնելը, բայց երևի առաջին բանը, որ կանեի՝ կհանդիպեի էնտեղի մարդկանց, նրանց հետ կխոսեի մեր անցյալից, ու ինձ երևի կհետաքրքրեր տեսնել, թե ոնց են ապրում, իմանալ նրանց առօրյա կյանքը: Չգիտեմ, դրանից բացի՝ ուրիշ բան չեմ պատկերացնում, ես շատ հեռու եմ էդպիսի թեմայից»:
«Կարծում եմ՝ միտքդ կփոխես մեր երկար խոսակցությունից հետո»:
Նա ժպտաց ու փայլող աչքերով պատրաստ ու բաց էր լսել, թե ինչ եմ ասելու իրեն իմ փորձի, իմ ընկերների ու առանց ագրեսիայի խոսքի մասին:
Ահա՝ ներկայի իրականությունը: Երեք միանգամայն տարբեր սերունդներ:
Մենք՝ ապրելով պատմության այս փուլում, շատ անելիքներ ունենք ապագայի համար: Պետք է կրթենք և տարածենք մեր դրական փորձը, բարձրացնենք մեր ձայնը խաղաղության և ընկերության հարցերում, այնպես, որ ատելության քարոզն ու պատմության կողմնակալ գրքերը լռեն ու վերանան: Այլ ելք չունենք, քան ապրելն ու արարելը: Պետք է խոսենք երաժշտության, արվեստի և կրթության լեզվով:
Կրթվեք, որովհետև դուք եք ապագայի կենդանի կերտողները: Վատ եղանակը հանեք ձեր միջից, թողեք, որ ձեր սիրտը տարածի արևի լույս և խաղաղություն, քանի որ մենք ապրում ենք վիթխարի տիեզերքի մի փոքրիկ մոլորակի վրա: Երբ ատելություն զգաք՝ մտածեք այն աներևակայելի երկար ժամանակի և մեծ տիեզերքի մասին, որտեղ մենք ապրում ենք:
Կյանքը շատ կարճ է՝ այն սահմաններով, սպանություններով և ատելությամբ լցնելու համար: Միայն սերն ու խաղաղությունն են ի զորու մոլորակը դարձնել ապրելու և վայելելու համար ավելի լավ վայր:
Առաջին բանը, որ պատրաստվում եմ անել սահմանների բացումից հետո, Բաքվի իմ ընկերներին այցելելն է, ովքեր շատ մտերիմ և սիրելի են: Բոլորին կարոտում եմ, ուզում եմ այցելել նրանց իրենց տներում ու միջավայրում, այլ ոչ երրորդ պետություններում:
Ուրեմն, երեխեք, հուսամ կտեսնվենք մոտ ապագայում՝ կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում:·
Հեղինակ՝ Աշխեն Գրիգորյան