ԶԼՄ-ների պատմություններն ու պատմության չափազանցված գնահատականները պատասխանատու են հակամարտության երկու կողմերի միտքը թունավորելու համար:


·Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տասնամյակներ անց, վերջապես հաշտության համաձայնագիր կնքվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև: Թեև պաշտոնական համաձայնագիրը կնքվել էր, և բանակները ետ էին քաշվել` մարդիկ դեռ դժվարանում են դա ըմբռնել և ապրելխաղաղ կյանքով: Միմյանց հանդեպ վստահությունը պետք է վերագտնել և վերակառուցել. «թշնամու» կերպարը դեռևս գոյություն ունի մարդկանց մտքում: Այս կերպարը ոչնչացնելը վճռորոշ է, բայց, իհարկե, հեշտ չէ: Ոմանք դեռևս պետք է հարմարվեն նոր իրականությանը և մոռացության տան վատ հուշերը՝ կողք կողքի ապրելու և կրկին միմյանց վստահելու համար: Այդ նպատակով տարբեր ոլորտներում որոշ ծրագրեր են իրականացվել հաշտության համաձայնագրի կնքումից ի վեր՝ թիրախավորելով երկու ժողովուրդների վերաինտեգրումը:

Նախ, երկու կողմերն էլ նոր ծրագիր մշակեցին՝ փորձելով նվազեցնել և վերացնել ազգայնական, ֆաշիստական և օտարատյաց պրոպագանդան: Ծրագիրը, նախ, մեկնարկեց դպրոցներում: Նախկինում՝ հակամարտության ընթացքում, դպրոցներն ամեն օր հիշատակում էին, որ գյուղ են զավթել, և աշակերտներից պահանջվում էր այդ ժամանակացույցն անգիր իմանալ: Դեռ մանկուց երկու կողմերի աշակերտներին էլ մյուս կողմին որպես թշնամի են ներկայացրել: Հետկոնֆլիկտային փուլում դպրոցներում այս համակարգը փոխվեց, և պատմության դասագրքերը մանրակրկիտ վերանայվեցին: Հիմա կարևոր է չչափազանցել որոշ հարցեր, ինչպես, օրինակ՝ թշնամու կերպարն է: Պատմությունն անաչառ կերպով է դասավանդվում, իսկ բացասական իրադարձություններն այլևս չեն չափազանցվում:

Մյուս ոլորտը, որը շարունակաբար փոխվում է, ԶԼՄ-ներն են: Անցյալում ընդունելի էր, որ մամուլն օգտագործի սադրիչ և կոշտ լեզու: Այսօր ԶԼՄ-ները ավելի արհեստավարժ և պակաս սեփականատիրական վերաբերմունք են դրսևորում: Օրինակ, հակամարտության ժամանակաշրջանում, եթե մրցության ժամանակ ադրբեջանցի մարզիկը հաղթեր հային, լրագրողները, խախտելով ԶԼՄ չափանիշները, կներկայացնեին լուրն այսպես. «Մենք պատմության ընթացքում միշտ էլ հաղթել ենք հայերին»:

Նման քարոզչությունը կարող է սխալ ընկալումներ ձևավորել, հատկապես երեխաների մոտ: Երբ խաղաղությունը գերիշխեց՝ ԶԼՄ նյութերն օգտագործվեցին՝ հատկապես այս թեմայով լրագրողներին ուսուցանելու համար: Նրանց համար կարևոր է սովորել մյուս կողմի մասին մասնագիտորեն գրել՝ առանց կանխակալ խոսքի:

Իհարկե, հասարակություններում, որոնք երկարատև հակամարտության մեջ են եղել, գրեթե անհնար է անհապաղ վերացնել ազգայնական տեսակետների ազդեցությունը: Անխուսափելի է նաև, որ այսօր դեռևս մարդիկ մնացած լինեն, որոնք քաջալերում են ազգայնական գաղափարները հեռուստաալիքներով կամ այլ լրատվամիջոցով՝ ընդդիմանալով հաշտության համաձայնագրին: Սակայն ԶԼՄ-ները պետք է խուսափեն քաջալերել կամ չափազանցել նման տեսակետները՝ իհարկե միշտ պահպանելով խոսքի ազատությունը:

Բացի այդ, կարևոր է այս մոտեցումներին հակափաստարկ ցույց տալ՝ հասարակությունում ավելի առողջ իդեալներ զարգացնելու և դանդաղորեն ցրելու թշնամու երկարակյաց կերպարը:

Կողմերից ոչ ոք չի ցանկանա կրկին հեղված արյուն տեսնել: Ի վերջո, ո՞վ է ցանկանում պատերազմի պայմաններում ապրել: Ո՞վ կարող է երջանիկ լինել, եթե միասին ապրող այս երկու ազգերի երիտասարդները միմյանց ատեն:

Պատերազմից առաջ երկու ազգերի ներկայացուցիչները հեշտուհանգիստ ամուսնանում էին իրար հետ: Այնուամենայնիվ, նման հարաբերություններն ախուսափելիորեն փոխվեցին պատերազմի ընթացքում, և երկու ազգերի միջև ավելի հազվադեպ էին սիրային պատմություններ պատահում: Նույնիսկ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանի ընթացքում երկու ազգերի երիտասարդներն էլ տագնապում էին մյուս կողմից որևէ մեկին սիրելու պարագայում, վախենում էին իրենց սոցիալական շրջանակների քննադատությունից, պատմության հիշողություններից և քաղաքականության պատճառով բաժանման վտանգից: Այդ վախերը վերացնելու նպատակով՝ խառն ընտանիքների մասին լավ օրինակներն են տարածվում:

Պատերազմից հետո մարդիկ, ովքեր հայ և ադրբեջանցի ծնողներ ունեն, ուրախ լինելու պատճառ ունեն: Նրանց ընտանիքները կարող են հեշտությամբ վերամիավորվել, և նրանք ազատորեն կարող են գնալ իրենց երկրներն ու ապրելու վայր ընտրել: Նրանք, ովքեր հայ և ադրբեջանցի ծնողներ ունեն, կարող են հեշտությամբ գնալ իրենց ծնողների հայրենիքները: Նմանատիպ կապերի ստեղծումը կարող է երկու երկրների երիտասարդությանը ներշնչել անվախորեն սիրել միմյանց:

Մեր հարևանը պատերազմի ընթացքում փոխեց իր անունը, որովհետև հայ էր: Հիմա նա հանգիստ հայտնում է իր ազգի անունը: Մարդիկ, որոնք հայ հայր ունեին, այլևս ստիպված չեն հոր ազգանունը նշելու փոխարեն՝ իրենց մայրական ազգանունը նշել ինքնությունը հաստատող փաստաթղթերում:

Մշակութային ոլորտում մշակվել և իրագործվել են ծրագրեր՝ նախկինում երկու պատերազմող կողմերը միավորելու համար: Լայնորեն իրականացված ծրագրերից են սոցիալական և մշակութային ծրագրերը: Նոր գեղարվեստական ստեղծագործություններ են գրվել ավարտված պատերազմի, դրա առաջացրած դժվարությունների և երկու ազգերի վերաինտեգրման մասին: Գրականության համար նոր թեմաներ կան:

Հակամարտության ժամանակահատվածում մի քանի քաջալերող գրքեր կային: Օրինակ, Սեյմուր Բայջանի Գուգարքը տպավորիչ գիրք էր, որում մարդիկ իմացել են հակառակորդ կողմերի միջև ընկերության և հուզիչ, անկեղծ հարաբերությունների մասին: Նման գրքերի թվաքանակի ավելացումը կամուրջներ կվերակառուցի երկու հասարակությունների միջև: Քանի որ մշակութային փոխանակումը մարդկանց ավելի է մերձեցնում՝ երկու հասարակությունների հայտնի գրողներն ու երաժիշտները հարցազրույցներ են տալիս, նրանց գրքերը թարգմանվում են, տարածվում, էկրանավորվում և ցուցադրվում փոխանակման մեծ ծրագրերի ժամանակ:

Այս ամենից զատ, տնտեսական հարաբերությունների զարգացումն էլ է կարևոր: Քանի որ երկու ազգերն էլ ունեն իրենց սեփական հատուկ առևտրային ավանդույթները, նրանք ընդունում են, որ խաղաղության հաստատումն ու թշնամու կերպարի ոչնչացումը երկու կողմերի համար էլ կարող է տնտեսապես շահավետ լինել: Հիմա մի քանի ընթացիկ, ոգեշնչող ծրագրեր կան:

Իր աշխարհագրական բնութագրի և զբոսաշրջության պահանջների համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղը դարձել է տարածաշրջանի ամենանշանակալի հատվածը: Գործարարներն իրենց շահավետ ներդրումներն անում են այս տարածքում: Երբ հայերն ու ադրբեջանցիները միասին ճաշում են Շուշիի Քարի Բլբուլ ռեստորանում՝ նրանց 50 տոկոս զեղչ է արվում: Այս ծրագրերը շատ գրավիչ են երիտասարդների համար և օգնում են նոր ընկերություններ ստեղծելու:

Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական բնութագիրը հարմար է գյուղատնտեսության համար, իսկ տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացումն անխուսափելի է: Կարևորագույն արոտավայրերը մեծ դեր են խաղում անասնապահության զարգացման գործում: Կաթնամթերքի համատեղ գործարանների կառուցումը նոր աշխատատեղեր է ստեղծում տեղաբնակների համար և բարելավում է ֆերմայի եկամտաբերությունը: Կրթության վրա կենտրոնանալը նպաստում է հասարակության զարգացմանը, իսկ Բաքվի և Երևանի համալսարանների մասնաճյուղերը հիմնվում են Ղարաբաղում:

Ի լրումն, նոր հետազոտություն է անցկացվում՝ ազգերի միջև տարբեր հասկացությունների և արժեքների վերականգնման նպատակով: Օրինակ, պատերազմի զոհերը վրեժի կոչ անող խորհրդանիշ չեն դառնում: Փոխարենը՝ նրանց ընդունում են որպես նախկին սխալների դրսևորում, և նրանք վերածվում են խորհրդանիշների՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Այլևս երբեք չանել այս սխալը»:·


Հեղինակ՝ Սաադաթ Աբդուլլազադա


Սաադաթը 24 տարեկան է, Բաքվի պետական համալսարանի Սոցիալական աշխատանքի բակալավրի աստիճան ունի և որպես սոցիալական աշխատակից՝ ունի ավելի քան երեք տարվա աշխատանքային փորձ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *