Արգելված սիրո պատմություններն ամենացայտունն են արտահայտում հայերի և ադրբեջանցիների կոտրված հարաբերությունների ցավը: Խաղաղությունը կարող է դա կարգավորել:


·2025 թ. Ամանորի նախօրեն էր. այդ գիշերն ավելի ցուրտ էր, քան ձմռան ցանկացած այլ գիշեր: Այնուամենայնիվ, Սաիդը երևի միակն էր, ով հին Թբիլիսիում այդքան մրսում էր: Բոլոր զգայարանները սրված էին, որովհետև հիմա նրան ընդամենը մեկ գիշեր էր բաժանում իր երիտասարդության ամենակրքոտ երազանքից: Այն ամենը, ինչ ծրագրել էր ու ինչի մասին անրջել էր նախորդ ութ տարիների ընթացքում՝ իրականանալու էր: Նա, ամեն դեպքում, պատկերացնում էր, որ կիրականանա: Ի վերջո, ինչու՞ ոչ: Այս ուղու վրա այլևս խոչընդոտ չկար, վաղվա ոչ մի սահման: Պատերազմը, որը շարունակվել էր նախորդ դարից, ավարտվել էր: Ու գուցե սպասման իր ցավը՝ ևս:

Նոր տարվա սկսելուն պես՝ վերջապես բացել էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, ինչը հաշտության համաձայնագրի մի մասն էր, Բաքվի և Երևանի միջև ձգվող նոր ճանապարհի պես: Ադրբեջանցիներն առաջին անգամ կարող էին ազատորեն ճանապարհորդել Հայաստան, և հակառակը: Սաիդն այլևս չէր կարող սպասել. միացրեց մեքենայի շարժիչն ու սկսեց ճանապարհորդությունը: Ճանապարհը մարդաշատ էր. շատերին էր հետաքրքրում տեսնել բաց սահմանը, հնարավոր է՝ մի ակնթարթ տեսնել մյուս կողմը, որը փակ էր երեք տասնամյակ, հանդիպել հին ընկերներին կամ ընտանիքին: Կամ գուցե, իր պես, գտնել հակամարտության ժամանակ կորսված սերը:

Սաիդը լարված էր: Նա մի քանի անգամ կանգ առավ, դուրս եկավ մեքենայից ու մեկը մյուսի հետևից ծխախոտ վառեց: Ծուխը ետ բերեց հին հուշերը: Առաջին անգամ Արևիկին տեսել էր տարիներ առաջ՝ գարնանը, Գերմանիայում, Ֆրանկֆուրտի օդանավակայանում: Նա փոքրիկ, ծաղկավոր զգեստով էր: Սաիդն իրենից անկախ ժպտաց, երբ պատկերացրեց այդ պահը: Մեքենա նստելու պահից ի վեր դեմքի լուրջ արտահայտությունն առաջին անգամ չքացավ՝ փոխարինվելով այնքան լայն, այնքան պայծառ ժպիտով, որը ո՛չ մի նկարիչ, ո՛չ մի վրձնով չէր կարող պատկերել:

Արևիկն իր զգեստով կանգնած էր այնտեղ՝ անձնագրային հսկողության հերթում, իր հերթի կողքին. նա իրեն որևէ ուշադրություն չէր դարձնում: Սաիդն արդեն գիտեր, որ այդ պահն ամբողջությամբ փոխելու է իր կյանքը: Արևիկը հանկարծ աշխուժորեն շարժվեց և մոտեցավ այն հերթին, որտեղ Սաիդն էր կանգնած: Նա առաջին անգամ որսաց Սաիդի հայացքը և նայեց նրան: Ապա նյարդայնորեն հարցրեց՝ արդյոք Սաիդը հերթը կզիջի՞ իրեն: Սաիդն այդ պահին չկարողացավ պատասխանել: Չհասկացավ, թե ինչ է կատարվում: Նա միայն գիտեր, որ այլևս ոչինչ նույնը չի լինի: Լսեց, թե այս անգամ ինչպես է աղջիկն ավելի բարձր և կտրուկ ձայնով հարցնում և ետ քաշվեց: Սակայն դեռևս լուռ էր:

Արևիկը պարզապես գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց և հերթում զբաղեցրեց նրա տեղը: Միայն այն պահին, երբ Սաիդը ցանկացավ աչքերն Արևիկից հեռացնել և այլ կողմ նայել, տեսավ Արևիկի ձեռքին գտնվող անձնագրի գրությունը: Հայաստան: Բառ, որն ի զորու էր խոցել նրան՝ ցնցեց: Ասես, պատերազմը վերսկսել էր, ու այն վայրը, որտեղ կանգնած էր՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանը չէր, այլ ճակատի բարիկադները, որտեղ ամենասոսկալի մարտերն էին ընթացել: Հայաստանի անձնագրով անձնագրային հսկողության խցին մոտեցող աղջկա ընկնող պայուսակի ձայնը սթափեցրեց նրան իր մտքերից: Արևիկի հետևից Սաիդն էլ անցավ անձնագրային հսկողության խցով: Նա վերցրեց իր ճամպրուկներն ու քայլեց դեպի շարքում կանգնած առաջին տաքսին: Հենց այդ պահին հայկական անձնագիրը ձեռքին պահած աղջիկը մյուս դռնից նստեց տաքսի: Նա այս անգամ ևս պատրաստվում էր հերթը զիջել, սակայն աղջիկը հարցրեց. «Ու՞ր եք գնում»: Սաիդը մեքենաբար ասաց իր հասցեն: Աղջիկն ասաց, որ նույն թաղամասն է գնում և առաջարկեց միասին գնալ, եթե Սաիդը չի առարկում: Օդանավակայանից մինչև նրանց նպատակակետ հեռավորությունը բավական երկար էր:

Սաիդը լուռ հայացքով նայում էր ճանապարհին: Հանկարծ Արևիկը խախտեց լռությունը: Նա սկսեց հարցեր տալ, մեկը մյուսի հետևից: Ընդամենը կես ժամ առաջ Սաիդն այս պահի մասին այնպես կրքոտ էր երազում, սակայն այժմ վտանգի մի հզոր զգացում փորձեց հեռացնել նրան կողքին նստած աղջկանից:

Այնուամենայնիվ, նա պատասխանեց մեկը մյուսի հետևից տրվող հարցերին: Աստիճանաբար՝ ինքն էլ սկսեց հարցեր տալ: Կես ժամ անց, երբ տաքսուց իջան, Արևիկն այլևս օդանավակայանի այն աղջիկը չէր, ում ձեռքին հայկական անձնագիր էր. նա կրկին փոքրիկ, ծաղկավոր զգեստով աղջիկն էր, որին սկզբում էր տեսել: Այս ողջ ընթացքում նրանք խոսել էին ամեն ինչից, բացի իրենց անուններից ու ծագումից: Գուցե Սաիդն առաջարկել էր տարբեր թեմաներ՝ այս վտանգից խուսափելու համար: Նա գիտեր, թե որտեղից է Արևիկը: Արևիկը, հրաժեշտ տալիս, նույն դողդողացող ձայնով, ինչպես օդանավակայանում էր, հարցրեց նրա հեռախոսահամարը: Սաիդը մի պահ վարանեց, սակայն տվեց:

Նրանք կրկին հանդիպեցին, երկու օր անց: Սաիդը որոշեց Արևիկին ասել, թե ինքն ով է: Նրա առաջին արձագանքն օդանավակայանում Սաիդի արձագանքի նման էր: Սակայն հետո նրան էլ համակեց է՛լ ավելի ուժեղ զգացում, քան ազգության հասկացությունն է, թշնամին, պատերազմը, Ղարաբաղը: Այսպիսով սկիզբ առավ նրանց գեղեցիկ սերը, որը ծածուկ պահեցին ընկերներից և հարազատներից: Տան քննադատություններից հեռու՝ նրանց սերն անհոգ էր: Ամեն օրը լի էր ուրախությամբ և քնքուշ պահերով, մինչև վեց ամիս անց այն օրը, երբ Արևիկը վերադարձավ Երևան՝ ուսումն ավարտելու: Այն օրը, երբ մեկնեց, Սաիդին խոստացավ, որ շուտով կվերադառնա:

Շաբաթներ անց նա լուր ստացավ աղջկանից: Արևիկը գրել էր, որ մայրը շատ վատառողջ է, և ինքն ուզում է խնամել նրան: Որ չի կարող ընտանիքին միայնակ թողնել: Որ պետք է ընդունեն այն փաստը, թե քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են՝ իրենց սիրո գոյության ոչ մի հնարավորություն չկա:

Սաիդը, թևաթափ եղած, Ֆրանկֆուրտից մեկնեց Բաքու: Նա խորը մենակություն էր զգում, քանի որ չէր կարող որևէ մեկի հետ խոսել իր զգացմունքներից՝ վախենալով դավաճանի պիտակ ձեռք բերելուց: Մխիթարություն և ըմբռնում գտնելու նպատակով նա կարդաց հայ-ադրբեջանական սիրո մասին գրքեր, ինչպիսիք են Սեյմուր Բայջանի Գուգարքը և Ալի Աքբերի Արտուշն ու Զաուրը, սակայն Անուշի և Սեյմուրի սերը Գուգարքում և Արտուշի ու Զաուրի ողբերգությունը նրա կյանքն առանց իր սիրո է՛լ ավելի անտանելի դարձրին: Մի քանի անգամ նրա մտքով անցավ ինքնասպան լինել՝ ցատկելով Բաքվի հին քաղաքի Կույսի աշտարակից, ինչպես Արտուշն ու Զաուրն էին արել: Սակայն հետո ընտրեց պատերազմի իրականությանն ու դրա հետևանքներին ենթարկվելն ու իր ճակատագրին համակերպվելը: Նա կմոռանար ամեն ինչ ու կնայեր առաջ՝ անԱրևիկ ապագային:

Դա տարիներ առաջ էր, գուցե տասից էլ ավելի. Սաիդը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ քանի տարի էր անցել: Երբեմն թվում էր, թե Ֆրանկֆուրտում, շատ սովորական անձնագրային հսկողության հերթում պատահած ու կյանքը փոխած այդ հանդիպումից դարեր են անցել:

Հիմա կրկին կանգնած էր անձնագրային հսկողության հերթում, բայց այս անգամ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Նա այնքան մոտ զգաց իրեն, սակայն՝ վախով լի, թե կարող է հայտնաբերել, որ նա իր կյանքը դասավորել է ու ամուսնացել : Անձնագրային սեղանի մոտ կանգնած հայը խստորեն նայեց նրա անձնագրին, հետո նրան ու հարցրեց. «Ի՞նչն է ձեզ Հայաստան բերել»:

«Սերը»,- պատասխանեց Սաիդը:

Մարդու դեմքը լուսավորվեց: «Դե ուրեմն, հուսով եմ՝ նրան կգտնեք: Բարի գալուստ, հարևան»:·


Հեղինակ՝ Սամիրա Ալիևա


Սամիրան 30 տարեկան է, իր կյանքը նվիրել է հասարակական աշխատանքին: Նա այդ թեմայով դասախոսություն է կարդում Բաքվի Խազար համալսարանում, մասնավոր մանկապարտեզում սոցիալական ոլորտի աշխատակից է և քաղաքացիական հասարակության ծրագրեր է վարում հատուկ կրթության կարիք ունեցող ուսանողների համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *