Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը վերջ կդնի սահմաններին ապրող մարդկանց ամենօրյա անհարմարություններին և վտանգներին:


·Պատկերացրեք մի փոքր, սովորական սահմանամերձ գյուղ: Անկախ այն բանից, թե գյուղը սահմանի որ կողմում է՝ այն հաստատ ինչ-որ յուրահատկություն կունենա, որը չեք գտնի ողջ երկրի ցանկացած այլ գյուղում: Ահա որոշ օրինակներ.

Միայն սահմանամերձ գյուղերում կարող եք տեսնել տներ, դպրոցներ և այլ շինություններ, որոնց պատուհանները ծածկված են փայտե տախտակներով, որպեսզի ներսում գտնվող մարդկանց փամփուշտները չվնասեն: Գիշերը, տախտակները ներսի լույսն անտեսանելի են դարձնում արտաքին աշխարհի համար: Այնուամենայնիվ, օրվա ընթացքում էլ դրանք թույլ չեն տալիս, որ արևը ներթափանցի: Մյուս կողմից, սահմանամերձ շրջանների էլեկտրակայանները հիմնականում սովետական ժամանակաշրջանից են և լավ չեն աշխատում: Հովհարային անջատումներն ախուսափելի են և շատ հաճախ են պատահում: Արդյունքում, դպրոցականները դասերն անց են կացնում միայն մոմերով և կերոսինի լամպերով լուսավորված սենյակներում: Այս կերոսինի լամպերը գյուղացիների կյանքում դարձել են ամենագո տարրեր:

Մեկ այլ բան ևս. երբ ցանկացած քաղաքում ճանապարհներն ասֆալտապատվում են՝ աշխատանքները նախ սկսում են գլխավոր ճանապարհներին, իսկ փակուղիներն արվում են միայն վերջում: Մեծ մասշտաբով վերցված՝ նույն մոտեցումը կիրառվում է երկրի ճանապարհներին: Փակ սահմանների մոտ գտնվող գյուղերը համարվում են երկրի փակուղիները, քանի որ ճանապարհ չկա այդ գյուղից անդին: Հետևաբար, այս գյուղերի ճանապարհները հիմանակնում թերզարգացած են, քարքարոտ և խորդուբորդ: Ճանապարհների վատ վիճակը թույլ չի տալիս գյուղից գյուղ ապրանքների տեղափոխումն ու փոխանակումը:

Գյուղի գոյատևման ամենակարևոր գործոններն իհարկե անասնապահությունն ու գյուղատնտեսությունն են: Հակամարտություններն այդ երկուսի վրա էլ ազդում են: Մարդկանց բախտը բնավ չի բերում, եթե նրանց գյուղը տեղակայված է սարահարթում՝ այն տեսանելի դարձնելով սահմանի մյուս կողմից: Երկու կողմում էլ շատ այդպիսի գյուղեր կան: Տեսանելիությունը խոցելիություն է: Անասունները, ֆերմերները, տրակտորները, մեքենաները. այս ամենը մյուս կողմի զինված ուժերի թիրախն է դառնում: Պատկերացրեք, եթե ցանկանում եք քշել հոտն արածեցնելու: Հանկարծ ինչ-որ մեկն սկսում է կրակել ձեզ ու ձեր կենդանիների վրա: Գյուղատնտեսությունն առանց այս ամենի էլ՝ բավական բարդ գործ է: Եթե ավելացնեք ետ ու առաջ թռչող սուլող փամփուշտները՝ դա ընդհանրապես իրական մղձավանջ է դառնում: Կարող են նաև շատ տարօրինակ իրավիճակներ ստեղծվել: Մի տարեց կին չէր կարողանում իր հողատարածքում որևէ բան տնկել, որովհետև լիքը ցաքուցրիվ եղած փամփուշտներ էին թաղված հողում պատերազմի ավարտից հետո, և կինը բահով կամ այլ գործիքով հարվածելիս կարող էր պատահաբար վիրավորվել չպայթած փամփուշտների պայթյունի հետևանքով:

Սոցիալական կյանքն էլ է տուժել այս բոլոր գործոնների պատճառով: Բնակիչները, փաստորեն, ո՛չ մշակութային կյանք ունեն, ո՛չ էլ ժամանց, իսկ մշակութային կյանքի բացակայությունը հանգեցնում է նրանց աշխարհայացքի ետընթացին: Ավելի մեծ սերունդներն իրենց բաժին տառապանքը կրել են ուշ 80-ականներին և վաղ 90-ականներին: Իշխող ռեժիմի փլուզումը, պատերազմը, սովը և հուսահատությունը դարձան գյուղացիների կյանքի անբաժան մասը: Յուրաքանչյուր մարդու երկարակեցությունը կասկածի տակ էր դրված: Բոլոր տեսակի սթրեսային իրավիճակները նշանակալի հոգեբանական ազդեցություն թողեցին: Այս նողկալի մթնոլորտն ստիպեց վաղ 90-ականներին ծնված երեխաներին դառնալ ատելության և վրեժխնդրության բնածին հետևորդներ:

Օրինակի համար, եկեք դիտարկենք սահմանամերձ գյուղի մի երեխայի և նրան համեմատենք հյուսիսային Ավստրիայի (օրինակ) մի գյուղի նույն տարիքի և սեռի երեխայի հետ, և փորձենք նայել նրանց կյանքին և կրթությանը: Վիթխարի տարբերություն կտեսնենք: Արվեստի դասեր ստանալու փոխարեն՝ նա կրակելու դասեր է առնում: Թանգարաններ այցելելու փոխարեն՝ այցելում է զորամասեր: Կյանքի և սիրո մասին ուսուցողական ֆիլմեր դիտելու փոխարեն՝ դիտում է զինված ուժերի և պատերազմի մասին ուսուցողական ֆիլմեր: Ի՞նչ ենք ակնկալում այդ երեխայից: Կարո՞ղ ենք իսկապես հուսալ, որ մի օր նա կմեծանա ու կասի՝ «Եկեք այլևս չկռվենք և սկսենք փորձել բանակցել»: Մենք քաղաքացիներ չենք պատրաստում, մենք զինվորներ ենք պատրաստում: Ցավոք, ներկայումս այսպիսին է դրությունը:

Այնուամենայնիվ, ի՞նչ կփոխվի, եթե հաշտության համաձայնագիր կնքենք:

Շատ բաց հարցեր կան, թե ինչպիսին կլինի կյանքը հաշտության պայմանագրի կնքումից հետո. Ղարաբաղն անկա՞խ կլինի, թե՞ կմիանա Հայաստանին կամ Ադրբեջանին որպես մարզ: Երկու կողմերի փախստականները կկարողանա՞ն արդյոք վերադառնալ իրենց հին տները: Ղարաբաղում ինչպիսի՞ կառավարություն կլինի: Ամեն դեպքում, մի բան հաստատ է. հաշտության պայմանագիրը համազգային իրադարձություն կլինի: Հասարակությունում չի լինի գեթ մի մարդ, ում սա որևէ կերպ չառնչվի: Օրինակ, մենք՝ հայերս, սպառում ենք մեծ քանակով կոշիկներ, որոնք արտադրվել են հարևան Թուրքիայում, սակայն դրանք մեզ են հասնում Վրաստանի միջոցով: Դա տնտեսապես կամ էկոլոգիապես միանգամայն անիմաստ է, սակայն փակ սահմաններն են թելադրում այս իրավիճակը: Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը կնշանակի նաև սահմանների բացում դրա ամենամեծ դաշնակցի՝ Թուրքիայի հետ, և ապրանքների ուղղակի հոսք, որը կհանգեցնի ավելի էժան գների: Մեկ այլ տեսակետ, որը մտահոգում է բոլորին, այն է, որ հայակական ՀՆԱ-ի շատ մեծ տոկոսն ընկնում է ռազմական ծախսերին, ինչպես օրինակ, մեր զինված ուժերի կազմակերպումը, զենք-զինամթերքի գնումը, ճամբարների, բազաների կառուցումը և այլն: Եթե պատերազմի կամ այսօրվա կիսապատերազմական իրավիճակի սպառնալիքը չլինի՝ այդ փողը կարող է օգտագործվել սոցիալական ծառայությունները, կրթությունը և գիտությունը ֆինանսավորելու համար:

Իհարկե, հասարակության մի շերտը տարբերությունն ավելի հստակ կզգա, քան մեծամասնությունը: Այս շերտն այն մարդիկ են, ովքեր սահմանի մոտ են ապրում: Պարզ է, որ հասարակ մարդկանց կյանքը, ովքեր իրենց առօրյան անց են կացնում սահմանին՝ գլխիվայր կփոխվի: Վերջապես նրանք կազատվեն վախի զգացումից, պատերազմին վերադառնալուն միշտ պատրաստ լինելուց, անվստահությունից, որ ողջ կմնան մինչև վաղը: Ի վերջո, կկարողանան փայտե տախտակները հանել իրենց պատուհաններից, կկարողանան մեքենայով կամ ոտքով ազատորեն գնալ այնտեղ, ուր ուզում են՝ առանց վախենալու, որ կկրակեն: Եվ ի վերջո կսկսեն պատերազմից բացի այլ բանի մասին մտածել: Կդադարեն իրենց երեխաներին մեծացնել այն մտքով, որ թշնամին մոտ է, և վաղ, թե ուշ իրենք պետք է զենք վերցնեն: Կդադարեն լսել հրետակոծության և պայթող պարկուճների ձայնը: Կերոսինի լամպերը կպահվեն նկուղներում և կփոխարինվեն էլեկտրական լամպերով, որոնք փայլում են կայուն էլեկտրական լույսով: Գյուղատնտեսությունը կսկսի զարգանալ գյուղերում, և գյուղացիներն առաջին անգամ կըմբոշխնեն փամփուշտների սուլոցից չընդհատվող աշխատանքի հաճույքը: Հարևան գյուղերի հետ մեկտեղ՝ նրանք հողը կմաքրեն ողջ ռազմական ամրություններից, ականներից և պաշտպանական կառույցներից՝ դրանք փոխարինելով ամբարներով, ցորենի պահեստներով, ջրաղացներով և այլն:

Այնուամենայնիվ, կարևոր չէ, թե որքան դրական և լավատեսական է հնչում խաղաղության գաղափարը. դրան հեշտությամբ հնարավոր չէ հասնել, քանի դեռ երկու կողմերի ժողովուրդները չունեն դրա վերաբերյալ անհրաժեշտ գիտակցությունը:

Պատկերացրեք, եթե մեկ ակնթարթում երկու կողմերի մեր ողջ ռազմական ուժերը հանկարծ անհետանային: Սահմանը պահող ոչ մի զինվոր, միմյանց կրակելու ոչ մի զենք: Վախենալու ոչ մի բան: Ի՞նչ կանեինք այդ ժամանակ: Բավականաչափ վստահություն ունե՞նք միմյանց հանդեպ, որ հատենք սահմանը և ողջունենք մեր հին հարևաններին, թե՞ դեռևս մտածելու ենք նրանցից պաշտպանվելու կամ նույնիսկ մերկ ձեռքերով հարձակվելու մասին: Եթե ցանկանում ենք հավաստիանալ, որ գրկաբաց ձեռքերը և ոչ թե մերկ ձեռքերն են գերիշխելու՝ պետք է մեր երկրների մեջ եղած սև ու սպիտակ, հաղթող-պարտվող մտածելակերպը վերածենք ընկերության և համագործակցության վերաբերմունքի:

Պատկերացրեք, որ ոչ միայն հաշտության պայմանագիր ունենք, այլ մարդիկ սկսել են նաև փոխել իրենց մտածելակերպը: Նոր սերունդները դաստիարակվում են ոչ թե ցասման և բարկության զգացումով, այլ խաղաղասիրական վերաբերմունքով, և, փոխարենը, ընկալում են կյանքն իր ողջ գեղեցկությամբ: Մարդիկ ձգտում են ավելի շատ բան իմանալ միմյանց մասին: Երբ ճակատի մյուս կողմը նայելով՝ մենք այլևս չենք տեսնում հրեշներով լի քաղաքներ, այլ տեսնում ենք գեղեցիկ քաղաքներ՝ բնակեցված մեզ նման մարդկանցով, ովքեր ցանկանում են մեզ հետ ապրել կողք կողքի: Մենք դադարել ենք հպարտություն զգալ՝ լսելով «թշնամու» մահվան մասին:

Հետևաբար, վերջապես մի իրավիճակի ենք հասել, երբ պատրաստ ենք միասին խաղաղ ապրել: Վերադառնալով մեր սահմանամերձ գյուղեր՝ բնակիչները շնորհակալ չեն լինի զինված պահակներին, ովքեր իրենց բաժանում են գիտակցված սպառնալիքներից: Փոխարենը, մի տարեց մարդ կմոտենա սահմանին ու կասի զինվորին՝ «Հեյ, որդի, մի կողմ անցիր, խնդրում եմ: Ուզում եմ գնալ-տեսնել հին ընկերոջս»:

Վերնագրեր

ա. Գյուղատնտեսությունն առանց ետ ու առաջ թռչող սուլող փամփուշտների էլ բավական դժվար գործ է:

բ. Փակ սահմանների մոտի գյուղերն, ասես, երկրի փակուղիները լինեն:

գ. Վերջապես, սահմանի մոտ բնակվող մարդիկ կազատվեն մշտական վախի զգացումից և կսկսեն պատերազմից բացի այլ բանի մասին մտածել:

Լուսանկարի ենթագրեր

ա. Նորաբակի սահման:·


Հեղինակ՝ Մեսրոպ Անդրիասյան


Մեսրոպը 23 տարեկան է, Ճարտարապետության համալսարանի մագիստրանտ է, ներգրավված է Հայաստանի առաջին ժամանակակից առևտրի կենտրոնի կառուցման մեջ: Ուսումից առաջ՝ նա երկամյա զիվորական ծառայություն է անցել Ադրբեջանի հետ սահմանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *