Ինչպիսին էլ լինի անցյալը՝ ապագայի պահանջներն ու ներկայից փախչելու անկարողությունը պրագմատիզմն ու խաղաղությունը դարձնում են միակ ընտրանքը:
·Անունս Սուսաննա է, ես Լեռնային Ղարաբաղից եմ: Ծնվել եմ 1991-ին, նույն տարում, երբ պատերազմը բռնկվեց: Երբ հրետակոծությունն սկսվեց՝ մայրս ստիպված էր հնգամյա եղբորս, երեքամյա քրոջս և ինձ՝ նորածնիս հետ թաքնվել Ստեփանակերտի Պետական Դրամատիկական թատորնի ռմբապաստարանում: Պատկերացրեք՝ որքան դժվար է նկուղում խնամել երեք երեխաների: Մեր հարևանների հետ այնտեղ ապրեցինք մեկ տարուց ավելի, մինչդեռ մեր հայրերը, հորեղբայրները և ավագ եղբայրները պատերազմում էին: Մեկը մյուսի հետևից՝ բոլորը ճակատից վատ լուրեր էին ստանում: Մի օր մայրս իմացավ, որ հայրս մարտի ժամանակ զոհվել է: Դա իմ ընտանիքի կյանքում ամենավատ օրն էր: Պատերազմից հետո շատ երեխաներ մնացին անհայր, շատ կանայք՝ առանց սիրելիների: Դա ամենատխուր փաստն է, որովհետև հայրը բացառիկ արժեք, իշխանություն ունի. հայ ընտանիքում նա աստվածակերպ մարդ է: Այնուամենայնիվ, ստիպված էինք սովորել առանց նրանց ապրել:
Հիշում եմ՝ ոնց էին մեր հարևանները հավաքվում մեր տանն ու վերհիշում իրենց ամուսինների հետ անցկացրած երջանիկ օրերն ու լալիս էին: Այդ ժամանակ ես չէի հասկանում դրա իրական սարսափն ու ցավը: Մեծանալով՝ որքան շատ սկսեցի հասկանալ՝ այնքան ավելի էր դառնանում հոգիս ու աճում պատերազմի անհեթեթության զգացումը:
Հիմա հարց եմ տալիս ինքս ինձ. պատերազմի պատճառը ո՞րն է, ինչի՞ համար է այն, ո՞վ շահ ունի դրանից, որքա՞ն է շարունակվելու, և ի՞նչ պայմաններում են ապրելու իմ երեխաները:
Այս ամենի մասին մտածելով՝ ընդամենը մեկ եզրակացության եմ հանգում: Չենք կարող վերցնել մեր երկրներն ու տարբեր վայրեր տեղափոխել: Պետք է հազարավոր տարիներ միասին ապրենք: Մենք հարևան երկրներ ենք, որոնք պետք է ակտիվորեն համագործակցեն թե՛ սոցիալապես և թե՛ տնտեսապես: Եվ, այդ պարագայում, ես ավելի քան վստահ եմ, որ այս տարածաշրջանը կարող է դառնալ աշխարհում ամենաապահով, ամենաբարգավաճ վայրերից մեկը:
Պատկերացնենք, որ հաշտության համաձայնագիր է կնքվում Հայաստանի և Ադրբեջանի միջև և սկսում է համագործակցության նոր դարաշրջան: Այդ դեպքում, երևակայեք, թե ինչ իրավիճակ կլինի տարածաշրջանում:
Երբ մենք դեռ հակամարտում էինք Ադրբեջանի հետ և պատերազմի վախ ունեինք՝ Հայաստանում մարդիկ հաճախ էին աշխատանք փնտրում բանակում: Զինվորական կարիերան երկրում ամենապատվաբերն ու հեղինակավորն էր: Հազարավոր երիտասարդներ անչափ ուրախ էին ընդունվել ռազմական քոլեջ կամ կիսատ էին թողնում համալսարանական ուսումը՝ բանակում ծառայելու համար: Ավելի ուշ, նրանցից շատերը չցանկացան շարունակել իրենց կրթությունը և ուզեցին մնալ իրենց տեղում: Ստացվեց, որ հազարավոր ամրակազմ երիտասարդներ, ովքեր կարող էին ընդլայնել երկրի աշխատաշուկան կամ դառնալ հիանալի տնտեսագետներ, փաստաբաններ և այլն՝ փոխարենը ծառայեցին բանակում: Երկու տարի անց վերադառնալով՝ շատ երիտասարդներ այլևս չցանկացան ուսանողի կյանքով ապրել: Նրանք նստելուց և ուսում առնելուց ետ էին սովորել: Ասում էին, որ հասուն տղամարդիկ են, որ պետք է փող վաստակեն՝ ընտանիքներին օգնելու և ապրուստը հոգալու համար: Արդյունքում, նրանցից ոմանք արտագաղթեցին Ռուսաստան կամ այլ վայր:
Հաշտության համաձայնագրի շնորհիվ՝ երկիրն այլևս կարիք չունի ընդհատել երիտասարդների կրթությունը: Հաշտության համաձայնագիրը թույլ է տալիս նաև իրականացնել այլ օգտակար ծրագրեր. դրանցից է՝ հավանական տաղանդների փոխանակումը, հատկապես երիտասարդների շրջանում, որը շատ կարևոր և խոստումնալից է ավելի լավ ապագայի համար: Երկու երկրների միջև ուսանողների փոխանակումը կբարելավի լավ կրթության հեռանկարները, ուսանողների ունակությունները և նրանց կդարձնի ավելի բազմակողմանի: Կրթությունը շատ կարևոր է քաղաքացիների համար՝ նոր բիզնես սկսելու, իրենց կենսամակարդակը բարելավելու առումներով՝ միաժամանակ զարգացնելով երկրի ողջ տնտեսությունը: Կրթությունը մեզ նաև հնարավորություն է տալիս լինել լավ տեղեկացված, ունակ լինել վերլուծել և գնահատել երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական վիճակը: Այդպիսով, դա ստիպում է կառավարություններին աշխատել հօգուտ քաղաքացիների, պաշտպանել մարդու հիմանարար իրավունքները և հիմնել ժողովրդավար և առողջ հասարակություն:
Երկու երկրների ժողովուրդներն էլ միշտ ցանկացել են պայքարել իրենց կառավարությունների անարդյունավետ և երբեմն սխալ գործողությունների դեմ, սակայն ամեն անգամ, երբ բողոք կամ նմանատիպ գործունեություն է կազմակերպվել, անվտանգության գործոնն իշխանության կողմից կիրառվել է որպես հաղթաթուղթ: Ըստ նրանց՝ ցանկացած քաղաքացիական գործունեություն ապակայունացրել է սահմանների անվտանգությունը: Դրանից բացի՝ մարդիկ վախեցած էին: Միշտ ասում էին՝ «Լավ է աղքատ լինել, բայց անվտանգ»: Հիմա, երբ հակամարտությունն ավարտված է և մեզ հաջողվել է նվազեցնել կոռուպցիան՝ պետական բյուջեն աճում է: Նշանակում է՝ մարդիկ կենտրոնացած են մի ուղղությամբ, քանի որ արտաքին թշնամի չունեն: Հանգիստ կարող են բարձրացնել այն հարցերը, որոնք վնասում են պետական բյուջեին: Կարող են բողոքել ցանկացած կոռումպացված պաշտոնյայի դեմ: Երբ վստահ ես, որ քո և երեխաներիդ անվտանգությունը ռազմական առումով վտանգված չէ, կարող ես հանգիստ պայքարել հանուն քաղաքացիական հարցերի: Այս դեպքում, հաշտության համաձայնագիրը թույլ է տալիս ֆինանսական միջոցների արդյունավետ բաշխում և կառավարում և սեփական երկրումդ մարդու իրավունքների և արդարության պաշտպանություն:
Հաշտության համաձայնագրից մի քանի տարի անց, Հայաստանի խորհրդարանը երկրի ռազմական բյուջեն նշանակալիորեն կրճատելու օրինագիծ ընդունեց: Այս օրենքի շնորհիվ՝ էկոնոմիկայի նախարարը որոշում կայացրեց կրճատել հարկերը և նվազեցնել կառավարության միջամտությունը՝ այդպիսով խթանելով մասնավոր սեկտորի զարգացումը: Այդ ժամանակվանից ի վեր՝ Հայաստանը զգալի տնտեսական աճ է գրանցել:
Ձեռներեցների համար շուկայի ընդլայնումը փոփոխության միջոց է: Ադրբեջանի հետ սահմանների բացումն ավելացրել է երկրների միջև առևտուրը: Մարդիկ ավելի ու ավելի շատ ապրանքներ արտադրելու խթան ունեն: Նրանք համագործակցում են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ, հիմնում են համատեղ ձեռնարկություններ՝ այդպիսով ամրապնդելով հարաբերությունները: Քանի որ տարածաշրջանը շատ անվտանգ է՝ ողջ աշխարհից աճում են ներդրումները: Գործարարներն ունեն շատ խոստումնալից տեսլականներ և տեղական կառավարությունների հետ երկկողմանի ծրագրեր: Նրանք մտադիր են բացել շատ նոր գործարաններ, ընկերություններ, և այլն: Դա տեղական շուկան դարձնում է ավելի մրցունակ: Տարբեր սեկտորների արտադրողներ շատ ուրախ են ընդլայնել իրենց արտասահմանյան շուկաները: Մասնավոր ձեռնարկատերեր խանդավառված են իրենց ապրանքներն արտահանելու հարցում: Ավելի հեշտ և էժան է շուտ փչացող ապրանքն արտահանել հարևան երկիր, քան հեռավոր տարածությունների վրա: Այս բոլոր ծրագրերն ավելացնում են հասանելի աշխատանքների թիվն ու կրճատում թե՛ քաղաքաբնակեցումը, թե՛, որ ամենակարևորն է, արտագաղթը:
Քանի որ Ադրբեջանից փախստականները վերադարձել էին՝ բնակչությունը նշանակալիորեն աճեց: Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններն ունեն նրանց վերաբնակեցմանն աջակցող հատուկ տնտեսական և սոցիալական ծրագրեր: Արդյունքում, այդ մարդիկ իրենց հետ շատ տնտեսական միջոցներ բերեցին: Նախ, դրանք ֆինանսական միջոցներ են, հետո՝ ներդրումներ, աշխատաշուկայի լրացում, բիզնես ծրագրեր և գաղափարներ: Դա տեղական շուկան դարձնում է ավելի մրցունակ, իսկ ապրանքները՝ բարձրորակ: Ինչպես հայտնի է տնտեսագիտության հիմունքներից՝ ավելի դյուրին է բիզնես հիմնել մարդաշատ վայրում, քանի որ ապրանքներն ու ծառայություններն ավելի հեշտ են վաճառվում:
Դրա հետ մեկտեղ՝ ծաղկում է ապրում զբոսաշրջությունը: Չնայած այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղում միանգամայն անվտանգ էր (թեև ոչ սահմանին), այդ տարածաշրջանի անունը կապվում է պատերազմի հետ, որի պատճառով էլ մարդիկ ցանկություն չունեին այցելել այստեղ: Մարդիկ նաև չէին գալիս Լեռնային Ղարաբաղ, որովհետև վախենում էին հայտնվել Ադրբեջանի «պերսոնա նոն գրատա» ցուցակում: Զբոսաշրջիկները սովորաբար նախընտրում են այցելել հանգիստ, բազմամշակութային վայրեր, որտեղ նոր զգացողություններ են ունենում: Սա հաշտության համաձայնագրի առաջին առավելություններից է, քանի որ գնալով ավելի շատ զբոսաշրջիկներ կսկսեն հետաքրքրվել այս վայրով, ու, ամենակարևորը՝ այլևս վախ չեն ապրի: Զբոսաշրջիկների մեկ այլ հոսք կլինի հենց Ադրբեջանից, քանի որ շատ մարդիկ այստեղ արդեն ազգականներ և ընկերներ կունենան: Սա շատ հետաքրքիր է դարձնում տեղացիների կյանքը:
Մի քանի տարի առաջ ահռելի տարածքներ ականապատ էին և դիպուկահարների թիրախում էին, այնպես որ մարդիկ չէին կարողանում օգտագործել հողը կամ պարզապես բերք հավաքել: Հիմա, երբ սահմանները բաց են և ապահով, մարդիկ վախի զգացում չունեն՝ կարող ենք մտածել այդ տարածքները վերաբնակեցնելու մասին, և արդյունքում կարող ենք սկսել կառուցել նոր, ժամանակակից գյուղեր, դպրոցներ և մանկապարտեզներ: Սա գյուղատնտեսական սեկտորը զարգացնելու հնարավորություն է. օգտագործել այն հողը, որը վերջերս ենք ապառազմականացրել: Ականներ տեղադրելու փոխարեն՝ հիմա կարող ենք այդ վայրերը դարձնել հողագործության, անասնաբուծության, բուսաբուծության և խաղողագործության համար պիտանի վայրեր:
Այս ամենը պարզապես տեսլական է, թե լավագույնս ինչպես կարող ենք սրանից օգուտ քաղել: Սակայն միջազգային հակամարտությունները՝ այդ թվում նաև Ղարաբաղյանը, ծայրահեղ դժվար լուծելի են: Կան շատ հանգամանքներ, որոնցից յուրաքանչյուրն ավելի է բարդացնում հակամարտության լուծումը: Ամեն ինչ սկսվեց 1990-ականների պատերազմի հետ՝ մարդկանց մեջ միմյանց հանդեպ ատելություն սերմանելով, բայց ինչպես արդեն նշեցի, մենք կողք կողքի ապրելու ենք հազարավոր տարիներ և մեր պարտքն է վերջ տալ այս հակամարտությանը և հաշտվել հանուն մեր ապագա սերունդների:
Վերնագրեր
ա. Չենք կարող վերցնել մեր երկրներն ու տարբեր վայրեր տեղափոխել: Պետք է հազարավոր տարիներ միասին ապրենք:
բ. Բանակում ծառայելու փոխարեն՝ երիտասարդներն այժմ կարող են դառնալ փաստաբաններ կամ տնտեսագետներ ու զարգացնել իրենց երկրները:
գ. Ամեն անգամ, երբ մարդիկ բողոքում էին իրենց կառավարությունների կոռուպցիայի դեմ՝ վտանգված սահմանն օգտագործվում էր որպես ուշադրությունը շեղող միջոց: Հիմա, արտաքին թշնամու բացակայության պայմաններում, մենք վերջապես կարող ենք կենտրոնանալ պատշաճ կառավարման վրա:·
Հեղինակ՝ Սուսաննա Մովսիսյան