Երբ պատերազմի դաժան իրականությունը հարվածեց, դպրոցականների պարզ երազանքները հօդս ցնդեցին:


·Արևը պատրաստ էր մայր մտնել, և հորիզոնը խաղաղորեն կարմրին էր տալիս, երբ արևը դանդաղորեն իջնում էր: Աշխատանքից տուն շտապող մարդկանց և երեկոյան զբոսնող քաղաքաբնակների ձայները միախառնվել էին՝ դառնալով տարօրինակորեն ներդաշնակ մեղեդի: Ոմանք զանազան հանձնարարություններով շտապում էին այս ու այն կողմ, մյուսներն էլ պարզապես անհոգ զբոսնում էին:

Ահմադ քիշին (Ադրբեջանում տարեց տղամարդուն դիմելաձև) ևս անտարբեր շտապում էր տուն: Ուշանում էր: Տարիներ շարունակ անցել էր գործ-տուն միևնույն ճանապարհը: Նրա ողջ կյանքը նույնն էր եղել, բացառությամբ, իհարկե, երիտասարդ տարիների: Նա սիրում էր Բաքվում իր ներկայիս կյանքը, և Կասպից ծովի Խազրի և Գիլավար քամիները նրան շատ էին դուր գալիս: Այնուամենայնիվ, սա իր տեղը չէր: Նա եկել էր այստեղ՝ թողնելով իր հայրենիքի ծաղկազարդ լեռների մանկական հուշերը: Երբեմն կարոտում էր իր մանկության այդ ծաղկուն տարիները:

Հայրը պատերազմի զոհ էր: Հակամարտությունն Ահմադի գունազարդ երազանքները պատել էր սևի շերտերով: Ինչու՞ էր հիշողությունն իրեն տարել ետ՝ այդ տխուր օրերը: Ոչ, թվում էր՝ նա երբեք էլ չէր մոռացել իր անցյալը: Դա պարզապես հուշ չէր: Անցյալն աստղերի պես պսպղում էր երկնքում՝ նույնիսկ երբ նա քնած էր: Լավ էր հիշում: Ջաբրաիլի շրջան մտնելիս, հեռուստաաշտարակի մոտ, մի քանի գյուղեր կային. դրանց մի մասը պատկանում էր Ջաբրաիլին, մյուս մասը՝ Ֆիզուլու շրջանին (բոլոր այս շրջանները գտնվում էին Ղարաբաղի և իրանական սահմանի միջև): Հեռուստաաշտարակի մոտ այս գյուղերի բնակիչները հանդիպում և ուրախ ողջունում էին միմյանց, խոսում իրենց գյուղերի կյանքից, իսկ հետո ամեն մեկն իր ճամփով էր գնում:

Փոքր Կովկաս լեռնաշղթայի հարավ-արևելքի Գայան հարթավայրում գտնվող այս շրջանը հարուստ բերքատու դաշտներ ուներ: Մարդիկ դաշտերը մշակում և ոռոգում էին՝ օգտագործելով Արաքս գետի ձախ ափից հոսող ջրանցքները: Նրանք գեղեցիկ պարտեզներով մեծ տներ ունեին Բոյուկ Մարջանլի գյուղում: Հիմնականում, գյուղն այնպիսի վայր էր, որտեղ հարևանն ընտանիքի անդամին հավասարազոր մարդ էր: Եթե ինչ-որ վատ բան պատահեր՝ գյուղացիներն անմիջապես վազում էին հարևան տուն՝ օգնության, եթե ինչ-որ լավ բան պատահեր՝ հավաքվում էին, որպեսզի ուրախությունը միասին կիսեն:

Ահմադ քիշին շատ էր կարոտում իր մանկությունը: Պատերազմն սկսեց, երբ նա նոր-նոր էր սկսել ընկալել յուրաքանչյուր եղանակին գյուղի փոփոխվող գեղեցկությունը: Նա դեռևս պարզ հիշում էր այնտեղ անցկացրած վերջին օրերը: Մինչ հարևան Ղարաբաղում մարդիկ սպանում էին միմյանց՝ Ահմադն իր լավագույն ընկերոջ՝ Ռավիկի հետ կրիաների զանգվածային մորթ էր իրականացնում: Նրանք 13-14 տարեկան էին, և նրանց բեղերը նոր-նոր էին սկսել ծլել: Երկուսն էլ տարված էին ֆիզիկայով և կենսաբանությամբ ու կրիաների պատյաններն օգտագործում էին ջրաղաց պատրաստելու համար: Գետի վտակներից մեկի վրա այդ ջրաղացը տեղադրելով՝ նրանք իրենց բնական էներգետիկ պաշար հայտնագործած հայտնի մարդիկ էին երևակայում:

Երբ Ահմադը եկավ տուն, որ ընտանիքին պատմի այդ մեծ հաջողության մասին, քաջալերանքի փոխարեն պատժի արժանացավ: Նա այն ժամանակ գլուխ չհանեց, թե ինչն ինչոց էր, բայց Ռավիկը հայ էր, և ադրբեջանա-հայկական ընկերության օրերն ավարտվեցին: Նա այլևս Ռավիկին չտեսավ, իսկ իրենց գյուտի միակ հուշը պոկված պատյաններն էին: Որոշ ժամանակ անց պատերազմը հասավ Ջաբրաիլ, և Ահմադի ընտանիքը ծաղկած պարտեզները թողեց գյուղում ու հատեց Արաքսը՝ անցնելով մյուս ափ:

Հետո, ընդամենը մի քանի տարի առաջ, հակամարտությունը հանկարծ ավարտվեց: Երկու կողմերի միջև հարաբերություններն աստիճանաբար վերականգնվում էին: Ահմադ քիշիի թոռնուհին՝ Սամիրան, մասնակցեց ուսանողական փոխանակման ծրագրի. նա Շուշիում գտնվող Աուտիզմի ղարաբաղյան կենտրոնի պրկատիկանտ էր: Նրա ծնողներն սկզբում դեմ էին, որ նա մեկնի Ղարաբաղ, որտեղ աշխատելու էր նաև հայ աուտիստ երեխաների հետ: Սակայն Ահմադ քիշին միջամտեց՝ ասելով, որ ողջ պատմության ընթացքում, երբ դաժանություններով լի պատերազմներն ավարտվել են, հակամարտող ազգերն սկսել են կրկին միասին ապրել: Արդյունքում՝ ընդհանուր լեզու են գտել: Նա քթի տակ ժպտաց և մտածեց՝ արդյո՞ք Սամիրան կզանգի, ինչպես որ հաճախ անում էր, որ պատմի Ղարաբաղի լեռների մասին, որոնք մանուկ հասակում տեսնում էր Ջաբրաիլի իրենց գյուղից: Ինչ-որ բան նրան հուշում էր վերադառնալ, քանի որ խաղաղություն էր հաստատված: Գուցե ամռանն այցելեր Սամիրային ու նրան տաներ այնտեղ:

«Ինչ արագ եկա», մտածեց նա, երբ տուն հասավ: «Երևակայության թռիչքը ո՜նց է կարող մարդուն ժամանակի գերին դարձնել: Մտածում ես անցյալիդ մասին, մինչդեռ ճանապարհը քեզ տուն է տանում»: Ահմադը դեպի իրեն ձգեց դռան երկաթե բռնակը: Նրա կինը՝ Սեվիլան, դուրս եկավ և հուզված ձայնով ասաց նրան.
«Ու՞ր էիր: Երեխան Շուշիից զանգում էր, ուզում էր քեզ կարևոր բան ասել»:

Ահմադ քիշին հուզվեց: Ի՞նչ այդքան կարևոր բան կարող էր լինել, որ զանգել էր այդ անսովոր վաղ ժամին: Ութն անց քառասունհինգ էր: Սեվիլան նրա համար ճաշ էր պատրաստել: Նա շատ հուզված էր, և ցրված, մեծ-մեծ կումերով խմեց տաք թեյը:

Նա գունատվեց ներսի սենյակից հնչած զանգի անսպասելի ձայնից: Ասաց. «Սպասիր, սիրելիս, ես ինքս», ու շտապեց սենյակ: «Ալո՞, ալո՞: Հա, սիրելիս, ես եմ»:

«Ո՞նց ես, պապիկ: Ես լավ եմ: Պապիկ, հիմա խոսափողը մեկին եմ փոխանցում, փորձիր գուշակել, թե ով է»:

«Ալո, Ահմադ ջան»:

Նա ճանաչեց ձայնը, բայց չհավատաց: Ո՛չ, անհնար էր: Շատ տարիներ էին անցել…Խոսափողի մյուս կողմից նա կրկին լսեց հարազատ ձայնը:

«Ի՞նչ եղավ, չճանաչեցի՞ր ինձ: Ես եմ՝ Ռավիկը: Պատյանի Ռավիկը»:

«Հա, հա, Ռավիկ: Հավատս չի գալիս: Ո՞նց ես: Ի՞նչ ես անում էդտեղ: Ո՞նց գտար ինձ»:

«Թոռանս բերել էի աուտիզմի կենտրոն ու երբ խոսեցի էստեղի բարեհամբույր աղջկա հետ, լսեցի նրա պատմությունը՝ գլխի ընկա, որ երևի թոռնուհիդ է: Դու դեռ պահե՞լ ես մեր կրիաների պատյանները»:·


Հեղինակ՝ Այնուր Մամմադովա


Այնուրը 29 տարեկան է, նա արևելագետ է, սոցիալական ակտիվիստ և ուսուցիչ: Նա գրում է թատերական պիեսներ, նկարում կարճամետրաժ ֆիլմեր և սովորեցնում երեխաներին և պատանիներին զարգացնել իրենց ստեղծագործ միտքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *