Կովկասում քաղաքական միասնությանը հետևեց տնտեսական միությունը՝ միավորելով երկրների ուժեղ կողմերը՝ բարգավաճ և միասնական տարածաշրջան ստեղծելու նպատակով:


·Հաջորդ ամիս Կովկասյան միությունը կտոնի 2020 թվականի մայիսի 26-ին իր հիմնադրման տասներորդ տարեդարձը: Աշխարհի առաջնորդները, ներառյալ՝ Ռուսաստանի, ԱՄՆ, Չինաստանի, Հնդկաստանի և եվրոպական պետությունների նախագահներն արդեն հաստատել են իրենց մտադրությունը՝ մասնակցել տոնակատարություններին, որոնք տեղի են ունենալու միության նոր մայրաքաղաքում՝ Բաթբիվանում, կառուցված Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետում:

Հետադարձ հայացքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինումների մրցավազքն էր, որն սկսեց վաղ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի պատերազմից անմիջապես հետո, և որը մեծ դեր խաղաց 2014 և 2015 թվականներին սահմանի լարվածության աճի հարցում: Հաջորդող տարիներին՝ 2016 և 2017, այդ լարվածությունը դուրս եկավ վերահսկողությունից, որը հանգեցրեց, 1994-ի պաշտոնական զինադադարից ի վեր, մեկշաբաթյա փոխհրաձգության՝ մեծաքանակ զոհերով: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման պայմաններում՝ այս իրավիճակը շուտով ավելի լայն ծավալների հասավ: Թուրքիան Ադրբեջանին օգնության եկավ, իսկ Ռուսաստանն աջակցեց Հայաստանին: Ամերիկացի ռազմական խորհրդատուները տեղակայվեցին Վրաստանում, որտեղ ժամանակին խաղաղորեն կողք կողքի ապրող հայ և ադրբեջանցի փոքրամասնությունների միջև կատաղի բախումները ցույց տվեցին, որ Թբիլիսին չի կարող այս ամենից անմասն մնալ: Երկու կողմերն էլ արձակեցին միջին հեռահարության հրթիռներ՝ դրանք ուղղելով հակառակորդի մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի վրա, և ողջ մոլորակի թերթերը վերհիշեցին Կարիբյան ճգնաժամի սարսափը:

Իրենց երկրների հիմնահատակ կործանման հեռանկարն էր, որն սկիզբ դրեց Բակուրիանիի Խաղաղության շարժմանը՝ միավորելով հայ և ադրբեջանցի գրողների, դերասանների, երգիչների և հայտնի քաղաքական գործիչների, ովքեր մեքենաներով, այնուհետև՝ ոտքով, իրենց մայրաքաղաքներից հասան սահմանամերձ տարածք, որպեսզի արդյունքում հանդիպեն և միասին հին սովետական երգեր երգեն: Ոչ ոք չհամարձակվեց կրակ բացել ազգային արժեքների այս ժողովի վրա, և համացանցի շնորհիվ հավաքի մասին լուրերից շուտով բոլորը տեղեկացան: Դրամատիկ իրադարձությունը, կարծես, մարդկանց հանեց մղձավանջից, և արյան ծարավ, անզիջում քաղաքական գործիչները դուրս մղվեցին իշխանությունից: Կնքվեց զինադադար, որին հաջորդեց 2019 թվականի հաշտության պայմանագիրը:

Հետագա համաձայնությունները ներառեցին Վրաստանը, և երեք պետությունները հայտարարեցին իրենց զինաթափության և միջազգային չեզոքության մասին: Պետությունները հասկացան, որ ինքնուրույնաբար չեն կարողանա առաջընթաց ապահովել: Օլիգարխիայով, տարադրամի արժեզրկմամբ, ապրանքների նվազող գներով և սպառազինումների մրցավազքով պայմանավորված նրանց տնտեսական կործանման մասշտաբն այնքան վիթխարի էր, որ միայն ջանքերը միավորելով էին կարող երկրները մեռյալ կետից առաջ շարժվել: Նրանց միջազգային վարկատուները ևս պնդեցին համագործակցության վրա՝ խոստանալով մեծ վարկեր, եթե երեք պետությունները միավորեն ջանքերը տագնապը հաղթահարելու գործում:

Առաջին քայլը եղավ միության համար հանրաքվեի և 2020թ-ի սահմանադրության տեսքով: Աբխազիայի և Հարավային Օսեթիայի չճանաչված պետությունները հայտարարեցին, որ կմտնեն միության կազմ, եթե բոլոր անդամ պետությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված Կովկասյան խորհրդարանում՝ Սեյմում, ունենան ձայների հավասարություն: Չնայած Վրաստանում որոշ դիմադրության և ընդդիմության փոքրաթիվ ցույցերի՝ վրացական կառավարությունը որոշեց ընդունել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի պահանջը՝ դա համարելով լավ հնարավորություն վրացական այս նախկին շրջանների վերաինտեգրման համար: Միության Հանրաքվեից հետո՝ պետությունները քայլեր ձեռնարկեցին միության տնտեսական վերականգնման ուղղությամբ:

Այդ նպատակով, Կովկասյան Միությունը որոշեց վերակառուցել համակովկասյան երկաթուղին, որը Սովետական միության ժամանակաշրջանում տարածաշրջանը կապում էր ռուսական երկաթուղու ցանցին՝ անցնելով Հայաստանով, Ադրբեջանով, Վրաստանով և Աբխազիայով: Հաջորդ քայլն այս երկաթուղու ցանցն Իրանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերին կապելն էր, որն օգնեց տարածաշրջանը կապել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի երկաթուղային համակարգերին: Համակովկասյան երկաթուղու ցանցի վերակառուցումն ավարտվեց երկու տարի առաջ, բացումն արվեց ռելսերի վրայի շարժական կրկեսով, Կասպից ծովից մինչև Սև ծով գունագեղ շքերթով: Դա դարձավ տարածաշրջանի տնտեսական կայունության ահռելի խթան՝ ի վերջո այն դարձնելով փոխադրման միջանցք ուղանցման համար արևելքից արևմուտք և հարավից՝ հյուսիս: Այս համատեքստում մեկ այլ խթան էր Բաթումի, Փոթիի, Սուխումի և Բաքվի նավահանգիստների մոդերնիզացիան: Կովկասյան միությունը շուտով հայտնի դարձավ որպես Մարգարիտ՝ Մետաքսի ճանապարհի վրա՝ կարևորագույն ուղանցիկ միջանցքն ու տնտեսական կենտրոնն Ասիայի և Եվրոպայի միջև:

Երկաթուղու կառուցումից հետո, Կովկասյան միությունը մեկ այլ վիթխարի ծրագիր իրականացրեց. հիմնվեցին Կովկասյան բանկն ու Ապրանքային շուկան՝ միությունն ավելի գրավիչ դարձնելով օտարերկրյա ներդրումների համար: Երկաթուղային ցանցի վերակառուցումից և ապրանքային շուկայի հիմնումից երկու տարի անց, Կովկասյան Միության ՀՆԱ-ն աճեց 25 տոկոսով՝ հնարավորություն ընձեռելով միությանը կառուցել նավթամշակման գործարաններ և սկսել նոր ծրագրեր, ինչպիսիք են տրանսկովկասյան գազամուղը, որն սկսեց կասպյան գազ մատակարարել Բալկաններ և Իտալիա՝ Ադրիատիկ ծովի միջոցով:

Կովկասյան Միությունը դարձավ նաև էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգիայի խոշորագույն արտահանողներից մեկը դեպի Եվրոպա՝ զարգացնելով քամու և արևային էլեկտրակայաններ և կառուցելով հիդրոէլեկտրակայանների ցանց Կովկասի հզոր գետերի վրա: Էկոլոգիապես մաքուր էներգիայի ավելցուկը Հայաստանին հնարավորություն ընձեռեց փակել սովետական ժառանգության մի անցանկալի կտոր՝ Մեծամորի ատոմակայանը:

Հայաստանի տարածքում մետղաների վիթխարի հանքերի շնորհիվ միությունն սկսեց արագորեն դառնալ արդյունաբերական պետություն, որն այլ խնդիր առաջ բերեց. մարդիկ սկսեցին իրենց մարզերից և գյուղերից տեղափոխվել քաղաքներ՝ իրենց ետևում թողնելով անմշակ հողեր: Ֆերմերներին և գյուղացիներին իրենց մարզերում պահելու և գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով միությունը հայտարարեց 15-ամյա մորատորիում գյուղատնտեսական սեկտորի հարկման վրա: Պետության կողմից տրամադրված մեծ ֆինանսական աջակցությունը, հիանալի կլիման և հողի որակը Կովկասյան Միությունը դարձրին Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ամենահայտնի գյուղատնտեսական կենտրոններից մեկը: Դրա գյուղատնտեսական արտադրանքն արտահանվում է Մերձավոր Արևելք՝ հատկապես Արաբական թերակղզի, Ռուսաստան և Եվրոպա:

ԱՄՆ-ում և որոշ եվրոպական երկրներում ունեցած նշանակալի քաղաքական ազդեցությամբ, ինչպես նաև Ռուսաստանում ունեցած մեծ ֆինանսական միջոցների շնորհիվ հայկական սփյուռքն օժանդակեց Միության նոր տնտեսական ծրագրերի համար ավելի շատ ներդրումներ ու դրամագլուխներ բերելու հարցում: Նրանք աջակցեցին նաև Կովկասյան Կրթական Հիմնադրամին՝ տարածաշրջանում կրթության բարելավման և նորարարության հարցում: Դպրոցներն ու համալսարանները նորացվեցին, իսկ դպրոցի ուսուցիչների աշխատավարձը, համեմատած բոլոր երկրներում նախամիության ժամանակաշրջանի հետ, աճեցին 250 տոկոսով, մինչդեռ համալսարանի դասախոսներինը՝ 310 տոկոսով: Միությունը նաև անվճար համալսարանական կրթություն տրամադրեց բոլոր քաղաքացիներին:

Զբոսաշրջությունը դարձավ Կովկասյան Միության մեկ այլ զարգացող սեկտոր: Հին պատմական հուշարձաններով և գեղեցիկ բնապատկերներով, բարձր լեռներով ու կիրճերով հայտնի տարածաշրջանը դարձավ արևելյան կիսագնդի ամենակարևոր և գրավիչ զբոսաշրջային ուղղություններից մեկը: Հիմնվեցին շքեղ հյուրանոցների և ժամանցի կենտրոնների ցանցեր, ինչպես նաև բազմապիսի մատչելի հյուրանոցներ և զբոսաշրջային տեսարժան վայրեր ավելի սուղ միջոցներ ունեցող ճանապարհորդների համար: Համակովկասյան երկաթգիծն ավելացրեց զբոսաշրջիկների թիվը՝ հնարավորություն ընձեռելով նվազեցնել ճանապարհորդական ծախսերն էժան երկաթուղային տոմսերի միջոցով:

Այս արագ աճող տնտեսությանն ավելի շատ մարդիկ և աշխատուժ հարկավոր եղան, այնպես որ Կովկասը՝ ավանդաբար հայտնի իր արտագնա աշխատողներով, սկսեց գրավել համաշխարհային աշխատաշուկայի ուշադրությունը: Ամեն տարի հազարավոր վերաբնակիչներ սկսեցին գալ Կովկաս՝ փող վաստակելու ու կյանքի նոր էջ սկսելու համար:

Կովկասյան Միության կառավարության կողմից իրականացված տնտեսական բարեփոխումներն այն դարձրին նորաստեղծ ընկերությունների համար ամենաբարենպաստ տարածաշրջաններից մեկը: Կովկասի բանկային ցանցը դարձավ աշխարհում ամենագրավիչ ցանցերից մեկը՝ նոր ներդրումներ և ֆինանսավորում բերելով տարածաշրջանին:

Եվ թեև տարածաշրջանային որոշ իշխանություններից ազդեցություն կրած մի քանի անջատողական և ազգայնական շարժումներ դեռևս ակտիվ են, գնալով ավելի քիչ մարդկանց են գրավում այս գաղափարները, որովհետև անդամ պետություններն ավելի լավ արդյունքների են հասել Միության օրոք, քան դրա հիմնադրումից առաջ էր:

Ժողովրդի համատեղ ջանքերի այս վերջին տասը տարիները տվեցին արագ արդյունքներ, որոնք, իրենց հերթին, օգնեցին վերացնել քաղաքացիների միջև փոխադարձ ատելությունն ու անվստահությունը: Հակամարտությունների այս տարածաշրջանը, փոխադարձ ատելությունն ու անվստահությունը դարձան համընդահնուր շահերի, բարգավաճման և զարգացման միություն: Ոմանց համար դա հաշտեցման և տնտեսական աճի իդեալական մոդել է, մյուսների համար՝ պարզապես գունագեղ պարտեզի երազանք:

Վերնագրեր

ա. Հայ և ադրբեջանցի հայտնի մարդիկ հանդիպեցին սահմանին և երգեցին սովետական երգեր, ինչն արթնացրեց մարդկանց 30-ամյա մղձավանջից:

բ. Համատեղ ջանքերը բերեցին մեծ հաջողություններ և այդպիսով օգնեցին վերացնել ատելությունն ու անվստահությունը:·


Հեղինակ՝ Կարեն Թովմասյան


Կարեն 30 տարեկան է, նա «Georgia Today” անգլալեզու վրացական թերթի հայաստանյան թղթակիցն է: Դրանից առաջ նա միջազգային ծրագրի շրջանակներում լրագրություն է սովորել Թբիլիսիում՝ ողջ տարածաշրջանը ներկայացնող ուսանողների հետ մեկտեղ: Կարենը նաև ակտիվ ընդդիմադիր է Հայաստանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *