Ղարաբաղի բնական գեղեցկությունը նշանակում է, որ տարածաշրջանը կարող է արագորեն դառնալ զբոսաշրջության կենտրոն և վայր, որտեղ հին ընկերները կարող են հանդիպել:


·Եվրոպայի կրած բոլոր արյունահեղություններից հետո, ինչպիսիք են ձգձգված Հարյուրամյա պատերազմը, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, Արևմտյան Եվրոպան հաղթահարեց նախկին թշնամանքը: Վերջին 50 տարում տարածաշրջանում պատերազմ չի եղել. փոխարենը՝ նրանք որդեգրել են ընդհանուր դրոշ և միասնական տարադրամ ու բացել են իրենց սահմանները: Հարյուր տարի առաջ քչերը կարող էին կանխատեսել մի ապագա, որտեղ Եվրոպայի մեծ հատվածները կմիավորվեն մեկ դրոշի ներքո: Այնուամենայնիվ, դա իրողություն է այժմ:

Կովկասյան տարածաշրջանը նույնպես բուռն պատմություն ունի: Պատերազմները կրկնվող թեմա են եղել այս տարածաշրջանում, որն ազգությունների և հավատների հարուստ խճանկար է: Բայց նաև տարածաշրջանում եղել են խաղաղ համագոյակցությունը և միջհամայնքային համագործակցությունը հնարավոր դարձնող նախաձեռնություններ:

Կովկասյան տան գաղափարը մեկն էր: Դա քանիցս առաջարկվել էր 1918-1920թթ. Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության այդ ժամանակվա պաշտոնյաների կողմից. այնուամենայնիվ, դա չիրականացավ, և տարածաշրջանի՝ Սովետական Միությանը միանալուց հետո, գաղափարն իր սկզբնական տեսքով ամբողջովին անհետացավ: Տարածաշրջանի սովետական հեղաշրջումից հետո Հարավային Կովկասի պետություններն սկսեցին որպես միություն ապրել միևնույն նշանաբանի ներքո: Սովետական Միության փլուզումից հետո հակամարտություններ բռնկվեցին տարածաշրջանում, և տարածաշրջանի բնակչության վերջին սերունդները դարձան այդ հակամարտությունների զոհերը:

Հակամարտության մի փուլից հետո Եվրամիությունը հիմնեց Կովկասյան Տան նոր մոդել՝ Կովկասյան պետությունների միություն: Նախաձեռնությունը հաջողություն ունեցավ, և արդեն գրեթե հինգ տարի էր, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը կանոնակարգել էին իրենց հաշտության պայմանագիրը և բացել իրենց սահմանները: Դա թույլ տվեց նախկին հակամարտության զոհերին վերադառնալ իրենց հայրենիք, և տարածաշրջանը վերագտավ ուրախ ժամանակները: Ադրբեջանի շուրջ ինը միլիոնանոց բնակչությունը, որն ավելի քան 20 տարի չէր կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ, այժմ ճամփորդում է այդ տարածաշրջան և այցելում պատմական վայրեր:

Ոչ միայն ադրբեջանցիներ և հայեր, այլ նաև ողջ աշխարհից զբոսաշրջիկներ են այցելում այս տարածաշրջան: Հարավային Կովկասի Ղարաբաղի տարածաշրջանը՝ օժտված գեղեցիկ բնապատկերներով, վերածվում է զբոսաշրջության կենտրոնի, և այս ողջունելի զարգացումը մարդկանց ուշադրության կենտրոնում է ու նպաստել է տարածաշրջանի բարգավաճմանը: Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապայմաններն աստիճանաբար բարելավվում են: Ազգային կամ կրոնական թշնամանքի որևէ հետք չկա. մարդիկ ապրում են ընկերական միջավայրում:

Բազմաթիվ հյուրանոցներ, հոսթելներ և ռեստորաններ են կառուցվել Ղարաբաղում, հատկապես Շուշիում՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա գտնվող քաղաքում, օժտված անսահման սիրուն բնապատկերներով, ներառյալ՝ Ջիդիրի հարթավայրն ու Թոփխանա անտառը, և հարուստ պատմական հուշարձաններով: Շուշիի համբավը, որպես արվեստի և երաժշտության օրրան, վերականգնվում է: Հանրահայտ Ղարաբաղ հյուրանոցն արդեն երկու տարի է, ինչ գործում է, և դարձել է զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի հանգրվաններից մեկը:

Այս օրերին մանկության ընկերներ Մուսան և Կարենը ևս հյուրերի թվում են: Երկուսն էլ ծնվել են Բաքվում և մեծացել միևնույն թաղամասում: Մուսայի տատն ու պապը Շուշիից էին, մինչդեռ Կարենը բնիկ հայ է: Նրանք միևնույն մանկապարտեզն են հաճախել, նստել նույն նստարանին: Հաջորդ տարի գնացել են դպրոց: Մուսան մրսել էր ու առաջին օրը դպրոց չգնաց: Ըստ դասարանի ավանդույթի՝ այն տեղերում, որոնք երեխաներն զբաղեցնում են դպրոցի առաջին օրը, նրանք նստում են մինչև ուսումնական տարվա վերջ: Շատ աշակերտների համար հենց ուսուցչի դիմացի տեղն ամենաարտոնյալն էր:

Այս դասարանի դասղեկը Կարենի քեռին էր: Կարենը նստեց առջևի նստարանին և փորձեց իր կողքի տեղը պահել Մուսայի համար, սակայն Մուսան չեկավ: Ուստի դասարանցի մի աղջիկ զբաղեցրեց այդ տեղը: Մեկ շաբաթ անց, երբ Մուսան եկավ դասի, նա ստիպված էր նստել վերջին նստարաններից մեկին: Մուսան ջանասեր աշակերտ էր, և երբ Կարենն իր քեռուն խնդրեց` ուսուցիչը համաձայնեց ուսումնական տարվա մեկ ամսվա ընթացքում փոխել Մուսայի տեղը, և Մուսան սկսեց նստել Կարենի կողքին: Չորս ամիս անց երկու ընկերներն էլ սիրահարվեցին մի աղջկա՝ Լալեին, որը սովորում էր ուրիշ դասարանում: Մի անգամ նույնիսկ վիճեցին այդ աղջկա պատճառով և գժտվեցին. ամեն դեպքում, չկարողացան վիրավորանքը պահել երկար ժամանակ և երկու օր անց հաշտվեցին:

Դասերից հետո երկու ընկեր միասին էին ժամանակ անցկացնում և անում տնային աշխատանքները: Երբեմն գնում էին Կարենենց տուն, երբեմն էլ՝ Մուսայենց: Ամռանը Բաքվում մարդիկ սովորաբար լողափ են գնում: Ըստ Բաքվի բնակիչների՝ քաղաքում ապրելը ծանր կլինի ամռանը, եթե չլինեն քամին ու լողափը. Բաքուն հայտնի է որպես քամիների քաղաք:

Ամառային այդ տաք օրերից մի օր թաղի երեխաները հավաքվեցին և գնացին Մարդականի լողափ: Ճանապարհին Կարենն ուՄուսան որոշեցին գրազ գալ, թե ով ափից ավելի հեռու կլողա: Բաքվի շատ բնակիչներ հաճախ են գնում լողափ և բավական լավ են լողում: Այս անգամ երիտասարդները որոշեցին սովորականից ավելի հեռու լողալ: Նրանք ափից շատ հեռացան և մտան վտանգավոր, բաց ծովի տարածք: Այնպես էին վայելում իրենց ժամանակը, որ նույնիսկ տեղյակ էլ չէին, թե ինչ տարածություն են կտրել-անցել: Բարեբախտաբար՝ փրկարարական թիմը հետևում էր նրանց և օգնեց վերադառնալ: Դա Կարենի վերջին ամառն էր Մուսայի հետ Կասպից ծովում:

Ձմռան կողմ քաղաքական իրավիճակը վատթարացավ ճակատի գծում: Հայաստանում ապրող ադրբեջանցիները հարկադրված էին վերադառնալ Ադրբեջան, իսկ Բաքվի և այլ շրջանների հայերը տեղափոխվեցին Հայաստան: Ընտանիքների մեծ մասը տխուր էր, որ մեկնում է: Ոչ մեկի համար հեշտ չէր ետևում թողնել տունը, հարևաններին, ում հետ տարիներ շարունակ ապրել ես, թաղամասը, որտեղ ծնվել և մեծացել ես, աշխատավայրը: Եվ հատկապես, է՛լ ավելի դժվար էր համակերպվել հեռանալ մի վայրից՝ առանց երբևէ վերադառնալու հնարավորության:

Կարենի և Մուսայի համար դժվար էր կատարվածը հասկանալ: Կարենը ողջ գիշեր լաց եղավ, երբ ընտանիքը նրան ասաց Երևան վերադառնալու ծրագրի մասին: Նա առավոտյան շտապեց Մուսայենց տուն: Թեև չէին հասկանում, թե ինչ է կատարվում, բայց գիտակցում էին, որ գուցե այլևս երբեք չհանդիպեն: Նրանք գրկեցին միմյանց, լացեցին և խոստացան հանդիպել, երբ մեծանան:

Չէին էլ կարող պատկերացնել, որ պատերազմն սկսելու պահից՝ մանկության այս երկու ընկերները թշնամի երկրների քաղաքացիներ են լինելու:

Շուրջ 20 տարի երկու ընկերները չէին հանդիպել: Նրանք ցանկացել էին նամակագրական կապ հաստատել, սակայն երկու համայնքներն էլ բացասաբար էին տրամադրված միմյանց հանդեպ, և փոխադարձ ատելությունն ու հավանական հասարակական պարսավանքը վախեցրել են նրանց, և նրանք չեն համարձակվել: Մինչ պատերազմը Մուսայի մորաքույրն ապրում էր Շուշիում: Նա ամեն ամառ այցելում էր մորաքրոջը և ամբողջ ամառն այնտեղ էր անցկացնում:

Հիմա այլ՝ հետկոնֆլիկտային իրականություն էր սկսվել:

Այսօր հին ընկերներն ու հարևանները մնում են հյուրանոցի հարևան սենյակներում: Միասին եռօրյա արձակուրդ են անցկացնում: Դա շատ սպասված հանդիպում էր նրանց համար: Իրենց հանդիպման եռօրյա ժամկետում 25 տարվա քննարկելու պատմություններ ունեն: Կարենն ու Մուսան սկսեցին՝ տրվելով իրենց մանկության ուրախ օրերի հուշերին:

Նրանք հուզմունքով էին սպասում այս հանդիպմանը՝ չիմանալով անգամ, թե ինչպես պիտի պահեն իրենց և ինչ պետք է քննարկեն: Նրանք տարբեր ժամերի եկան հյուրանոց:

Ընդունարանում Մուսան հարցրեց Կարենի հյուրանոցային համարը և սպասեց այնտեղ: Վերջապես երկար սպասված հանդիպման պահը եկավ: Ողջագուրվելուց հետո Կարենը հանեց Արարատ կոնյակի մի շիշ, որն իր հետ էր բերել, և դրեց սեղանին: Նրանք սկսեցին խոսել՝ վայելելով պատուհանից բացվող տեսարանը:

Կարեն – Մուսա, հուսով եմ՝ հիշում ես, թե ոնց էինք միասին դպրոց գնում:

Մուսա – Բա էդպիսի օրերը կմոռացվե՞ն:

Կարեն – Ինչ անհոգ ու հետաքրքիր օրեր էին:

Մուսա – Ինչքան քաղցր են մանկական հուշերը՝ այնքան անմոռանալի են դրանք:

Կարեն – Նույնիսկ տասնամյակները չկարողացան մեզ օտարացնել մեր մանկության հուշերից:

Մուսա – Այդ ժամանակվա ջերմ հիշողություններն ու հաճելի հուշերը դրա վկայությունը չե՞ն:

Կարեն – Հա, Մուսա, ճիշտ ես, մեր ընկերության ուժն այդ հիշողությունների և դրանց անկեղծության մեջ է: Ինչպես տեսնում ես՝ տարիներ անց հանդիպեցինք նորից: Արձակուրդի ենք այս գեղեցիկ վայրում, կիսում ենք անցյալի լավ հիշողությունները:

Նրանք այդ օրերից հետաքրքիր պահերի մասին կատակներ են անում և ուրախ են: Նրանք անդադար խոսում են հին Բաքվի տեսարժան վայրերի մասին, որտեղ անց են կացրել իրենց կյանքի ամենանշանակալի օրերը: Նրանք հաճախ էին գնում Կույսի աշտարակ և այնտեղից դիտում Կասպից ծովը:

Երբ սկսեցին պատերազմից խոսել՝ նրանց դեմքերի ուրախությունը փոխարինվեց տխրությամբ և հուսահատությամբ: Նրանք քննարկում են պատերազմի սարսափները, և թե ինչպես այն կործանեց իրենց կյանքերը: Նրանք դատապարտում են բոլոր պատերազմները:

Մուսա – Այս պատերազմը ոչ միայն մեզ հեռացրեց իրարից, այլ նաև զրկեց շատ բաներից, որ կարող էինք միասին անել:

Կարեն – Անիծվեն այն մարդիկ ու նրանց քաղաքականությունը, որոնք մեզ իրար դեմ հանեցին և օգտագործեցին իրենց կեղտոտ խաղերի համար:

Մուսա – Բարեբախտաբար՝ տարիների մեր շփումը վերականգնվեց:

Կարեն – Լրիվ համամիտ եմ հետդ, Մուսա: Հուսով եմ՝ կվերադարձնենք այն ամենն, ինչ կորցրեցինք այդ տարիներին:

Մուսա – Գիտե՞ս, թե հիմա ինչ պատասխանատվություն ունենք:

Կարեն – Գիտեմ, ընկերս: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներն էլ տառապեն մեզ պես:

Մուսա – Միանգամայն ճիշտ ես: Բարեբախտաբար՝ պատերազմի ծանր ժամանակն անցել է: Հիմա մենք պետք է դաստիարակենք ավելի հանդուրժող և առողջ երեխաներ:

Կարեն – Ընտանիքդ ո՞նց է: Հիմա Ադրբեջանում ի՞նչ իրավիճակ է:

Մուսա – Ամեն ինչ դեպի լավն է գնում: Մարդկանց միջև ատելությունն ու հակակրանքն օրեցօր նվազում է: Ապագայի հարցում լիահույս ենք: Ինչպես գիտես՝ որդի ունեմ ու դուստր: Դպրոց են գնում և լավ սովորում են: Քո ընտանիքը, երեխանե՞րդ ոնց են:

Կարեն – Մեզ մոտ նույն իրավիճակն է, ինչ Ադրբեջանում: Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարելավվում են, և արդյունքում՝ տնտեսական իրավիճակն էլ է լավանում: Ես էլ դուստր ունեմ: Ընտանիքիս պատմել եմ քո մասին: Արի մոտ ժամանակներս հավաքվենք ընտանիքներով:

Մուսա – Իհարկե, շատ լավ կլիներ: Արի հիմա գնանք՝ քաղաքում զբոսնենք:

Կարեն – Լավ:

Հին ընկերները գնում են Շուշին տեսնելու: Ճանապարհին շարունակում են զրույցը: Որոշում են նախ այցելել պատերազմի զոհերի հիշատակին կառուցված և հաշտության պայմանագրի հնգամյակին նվիրված հուշարձանը: Այցելությունից հետո գնում են տեսարժան վայրերը դիտելու: Հետաքրքիր զրույցներ են ունենում տեղաբնակների հետ: Ամենուր զբոսաշրջիկների են հանդիպում, և դա նրանց համակում է հպարտությամբ և ուրախությամբ:

Հակամարտություններն ու թշնամանքը երբեք ոչ մի օգուտ չեն տվել որևէ երկրի կամ ժողովրդի, և այդ երկու հարևան ազգերը տառապել են: Պատմության բոլոր փուլերում պատերազմներն ու թշնամանքը մայրերին թողել են արցունքոտ աչքերով, և հարյուր հազարավոր մարդկանց՝ անտուն: Մարդիկ ստիպված են եղել շատ դժվար բաժանումներ կրել: Նրանք, ովքեր ստիպել են մարդկանց նման զրկանքներ կրել, միշտ պարսավանքի են արժանացել:

Չնայած անցյալի բոլոր ծանր հիշողությունների՝ նրանք հիմա երջանիկ են: Դժվարին ուղով անցնելով՝ այս երկու ազգերը կարողացել են հիմնել հուսալի կառավարություններ և անել այնպես, որ օրենքները գործեն՝ կառուցելով տարածաշրջանային միություն:

Երեքօրյա հանդիպումից հետո հին ընկերները համաձայնության եկան, որ Կարենը Բաքու այցելի ձմռանը, իսկ Մուսան գա Երևան հաջորդ ամռանը: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է խաղաղությունն օգնել մարդկանց իրականացնել բարգավաճ կյանքով ապրելու իրենց իղձը:·


Հեղինակ՝ Փարվին Գուլիև


Փարվինը 28 տարեկան է, նա ֆրիլանս լրագրող է և քաղաքացիական հասարակության ակտիվիստ: Նա Երիտասարդական ակումբ հկ խորհրդի անդամ է և Հարավային Կովկասի Լիբերալ Երիտասարդական ցանցի համահիմնադիր: Նա նաև A13 քաղաքական ընդդիմության շարժման համահիմնադիրն է և աշխատել է Ադրբեջանի առաջին առցանց հեռուստաալիքում՝ kanal113.tv-ում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *